Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կվախնար։ Եթե երբեք Սուսերյանց և իր ընկերները իմանային այս այցելությունը…

− Սուսերյանց զիս իբրև մատնիչ, դավաճան մը պիտի ամբաստանե,− կմտածեր։

Ռափիկ աղա նշմարեց ուսուցչին վարանումը և ըսավ․

− Քալե՛ աղբար, ես փորձառու մարդ եմ, իմ խոսքերուս մտիկ ընելու ես, հարուստ մարդուն բարեկամութենեն միշտ կօգտվիս․․․ ասկե զատ մարդը վաղը թաղական Խորհրդի ատենապետ պիտի ըլլա, դուն ալ վարժարանին տեսուչ ես․․․ դպրոցը հիմա գոց է, նոր տարեշրջանը պիտի սկսի, թաղական Խորհուրդը պիտի որոշե դասատուները, կհասկնա՞ս ինչ ըսել կուզեմ կոր, երկար մի ըներ, քալեր տեսնենք։

− Երթա՛նք,− ըսավ պարոն Թորգոմ, ինքն իր վրա ճիգ մը ընելով։ Բայց ճամփան կրկին Սուսերյանցի ուրվականը ցցվեց իր երևակայության առջև։

− Վատ, վատ, վատ,− կըսեր ուրվականը,− հացիդ համար սկզբունքդ ոտնակոխ կընես, գաղափարային պայքարը կծախես պնակ մը կերակուրի համար, ինչպես Եսավը իր անդրանկության իրավունքը ծախեց ոսպե ապուրի մը համար․․․ անարժան արարած։

Հասած էին արդեն Մարգար էֆենտիի տան դռան առջև։

− Ես չգամ, ավելի աղեկ կըլլա,− ըսավ Թորգոմ։

− Տղա մի ըլլար, ծո՛,− գոչեց Ռափիկ աղա։

− Ուրիշ օր մը կերթամ շնորհավորելու։

− Մինչև հոս գալեդ ետքը ե՞տ պիտի դառնաս։

− Եղբայր, թերևս Մարգար էֆենտին դժգոհ մնա այցելութենես։

− Ես հետդ եմ, մի՛ վախնար։

Տան դուռը բացված էր արդեն։ Այլևս հնար չէր ընկրկիլ։ Ուսուցիչը մտավ ներս և երկուքը միասին սանդուխեն վեր ելան, ընդունելության սենյակը երթալու համար։

Պարոն Թորգոմի սիրտը ուժգին կբաբախեր։

− Սուսերյանց եթե իմանա,− կմտածեր անդադար։

Եվ ինքզինքին ուժ տալու համար մտովի կկրկներ․

− Ի՞նչ իրավունք ունի բան մը ըսելու։ Ես հրաժարականս տված եմ, ալ «Շանթ Ակումբ»-ին անդամ չեմ, ազատ անկախ մարդ մըն եմ․․․