Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասան ընդունելության սրահին դռան աոջև։ Ներսեն խոսակցության ձայներ մը կլսվեին։ Կերևար թե արդեն ուրիշ թաղեցիներ փութացած էին իրենց շնորհավորությունները բերելու նոր Թաղական Խորհրդի ատենապետին։ Ուսուցիչը իր ժաքետը կոճկեց, ֆեսը շտկեց ու Ռափիկ աղային ետևեն մտավ սրահ։

Հանկարծ ափ ի բերան գամվեցավ դռան քով, աչքերը խոշոր, խոշոր բացած, գերագույն զարմացումով… ընկեր Սուսերյանց, ոտքի վրա կխոսեր Մարգար էֆ-ի հետ, որ բազմած էր թիկնաթոռի մը մեջ։

− Չպետք է թաղը իր նախկին անկերպարանք վիճակին մեջ թողուլ,− կըսեր «Շանթ Ակումբ»-ի հերոսը,−դուք որպես ֆինանսական և մտավորական ուժ, որպես գիտակից գաղափարի, պետք է հետաքրքրվեք կրթական հարցով… թաղին մեջ էվոլյուցիան պետք է սկսի վարժարանեն։

Երկու նորեկներուն մուտքը պահ մը ընդհատեց ընկեր Սուսերյանցի խոսքերը։

Վաճառականը նշմարած էր ներս մտնողները և նստած տեղեն ողջունեց զանոնք։

− Հրամմեցե՛ք Ռափիկ էֆենտի… եկո՞ւր նայինք, մյուսյու Թորգոմ։

Միհրանիկ էֆենտի, Մանուկ աղա, պր. Նշանիկ, Մելիտոս էֆ․ նույնպես ձեռքով բարևեցին երկու հյուրերը։

Ռափիկ աղա մոտեցավ վաճառականին, ձեռքը թոթվեց ու ըսավ։

− Մարգար էֆ. այսօր մեզ ամենուս համար ուրախության օր մըն է, սրտանց կշնորհավորեմ ձեր պաշտոնը։

− Նայինք, դեռ վերջնական բան մր չկա,− պատասխանեց Մարգար էֆենտի։

− Ինչպե՞ս,− գոչեց Ռափիկ աղա,− Վարչության որոշումը պաշտոնական էր․․․

− Այո՛, անոնք ընտրեր են, բայց տեսնենք ես պիտի ընդունի՞մ…

− Չպետք է մերժել,− գոչեց Սուսերյանց։

Պարոն Թորգոմ ալ ավելի ապշահար, նայեցավ այս խոսքերը արտասանողին երեսը։

− Արդյոք սխա՞լ կտեսնամ, սխա՞լ կլսեմ կոր,− մտածեց ինքն իրեն։