Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Գոնե թաղեցիներուն խաթերը համար պետք չէ որ մերժեք,− ըսավ Ռափիկ աղա։

− Աղեկ− ամմա զբաղումներս չեն ներեր․․․ թաղականությունը պարապ մարդոց գործն է․․․ ես արդեն աոաջին օրեն ըսած էի, որ չեմ ուզեր թաղական ըլլալ․․․ Գոնե մինակ թաղական ըլլայի նե՝ ինչ որ է, բայց գիտեմ, որ զիս բռնի ատենապետ պիտի ընեն, ամեն գործ իմ վրաս պիտի մնա․․․

− Կարելի է քեզ ատենապետ չենք ըներ,− ըսավ Մանուկ աղա խնդալով։

− Եթե խոսք տաք, որ զիս ատենապետ չեք ըներ, այն ատեն կարելի է կընդունիմ։

− Չպետք է խոսք տալ,− գոչեց Սուսերյանց՝ Մանուկ աղայի դառնալով։

Ճանը՛մ, Մարգար էֆենտի՛, թաղականությունը այդչափ ծանր գործ մը չէ,− դիտել տվավ Ռափիկ աղա,– ամենքս ալ վարած ենք այդ պաշտոնը, շաբաթ օր մը, կիրակի օրերը, քանի մը ժամ զոհես նե՝ բավական է… արդեն առանձին ալ չպիտի ըլլաս, ընկերներ ունիս հետդ… ամենքն ալ գործունյա մարդիկ, փորձառու մարդիկ…

Պրն. Թորգոմ կամաց-կամաց մոտեցավ Մարգար էֆենտիի քով և կջանար ինքն ալ իր կարգին խոսք մը տեղավորել։

− Թաղեցիներուս փափաքն է,– ըսավ,– մեր թաղային մատակարարության ղեկը ձեր ձեռքերուն մեջ տեսնել։

− Իրա՞վ կըսես, մյուսյու,− հարցուց վաճառականը հեգնական շեշտով մը։

− Հանուն ազգային վարժարանի ուսուցչական մարմնույն և պաշտոնեության, այս փափաքը ներկայացնելու պաշտոն ունիմ ձեր ազնվության։

− Բայց դուն առաջ Պողոս էֆ.-ին կուսակիցներեն չէ՞իր,– ըսավ Մարգար էֆ. ժպտալով։

− Այսինքն,– ըսավ պրն. Թորգոմ թեթև շիկնելով,– խնդիրը տեսեք ինչ էր… այսինքն «Շանթ Ակումբ»-ը…

− Մեր պրն. Թորգոմը ալ «Շանթ Ակումբ»-ին մեջ չէ,– ընդմիջեց Ռափիկ աղա։

− Այսինքն այս առտու նամակս անոնց ձեռքը հասավ… բայց խնդիրը այն չէ, մեր բուն նպատակն էր թաղը օժտել կարող Թաղական Խորհրդով մը, որ իր մեջ միացներ բոլոր անհրաժեշտ