Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարրերը և միանգամայն կարենար կապ մը ըլլալ թաղեցիներուն և հանրային կարծիքին միջև… կրցա՞ միտքս բացատրել։

− «Պեն պու լաֆլարտանն պիր շեյ աղհամատըմ»,− ըսավ անդիեն Մելիտոս էֆենտին։

− Այսինքն՝ բացատրեմ…

− Վազ անցի՛ր, մյուսյու,− ընդմիջեց Մարգար էֆ.,− անցած գացած բաներու վրա չխոսինք։

− Կեցցե՜ս, Մարգար էֆ.,− քոչեց Ռափիկ աղա,− մարդս ներողամիտ ըլլալու է, վեհանձնությունը անանկ կպահանջե… մեր պրն. Թորգոմն ալ եթե պակասություններ գործեր է… աչք փակելու է կըսե Դավիթ Մարգարե։

− Խնդիրը ատոր վրա չէ,− պատասխանեց Մարգար էֆենտի,− կընդունիմ պայքար մղել, բայց ազնվությունը ձեռքե ձգելու չէ և հակառակորդին վնասելու համար ստորին զրպարտություններ մեջտեղ նետելու չէ։

− Անպայմա՛ն,− գոչեց Սուսերյանց,− ամեն պայքար պետք է ըլլա սկզբունքային և ոչ թե անձնական։

− Դժբախտաբար մեր մյուսյուն ափեղ ցփեղ խոսքեր ըրած է ասդին անդին, որոնք ոչ իրեն պատիվ կբերեն, ոչ ալ իր վարած պաշտոնին… ինծի համար կարևորություն չունին, բայց իրեն չեն վայելցներ…

− Մարգար էֆ., կարծեմ թյուրիմացություն մը կա…− կակազեց ուսուցիչը,− չեմ գիտեր թե ինչ բանի կակնարկեք կամ թերևս զրպարտության մը զոհ կըլլամ։

− Ընդհակառակը, շատ լավ գիտես, թե ինչ ըսել կուզեմ,− պատասխանեց վաճառականը չոր ձայնով մը։

− Հավատացեք որ…

− Հանցանքդ ճանչցիր, ասիկա բավական է։

− Կճանչնա, էֆենտիմ, կճանչնա,− միջամտեց Ռափիկ աղա,− պարոն Թորգոմը գեշ տղա մը չէ, միայն թե դյուրավ ուրիշներու խոսքին ույմիշ կըլլա…

− Անձնական դատողություն չունի մեր մյուսյուն, պակասը ատ է,− ավելցուց Մանուկ աղա։

Պուտուլա տըր, տեյինիգ շունա,− ըսավ Մելիտոս էֆենտի։

Խեղճ պարոն Թորգոմ հիմա զղջացած էր այցելությունը ընելուն՝ բայց կարելի չէր այլևս ընկրկիլ, հարկ էր դառնության բաժակը պարպել ցմրուր։