Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Դավաճանած պիտի ըլլար, եթե չերթար,– պատասխանեց Ատոմ։

Պարոն Թորգոմ ափ ի բերան մնաց այս խոսքերը լսելով.

− Հե՞, ի՞նչ ըսիր,− կակազեց։

− Մենք պաշտոն հանձնեցինք պրն. Սուսերյանցի՝ Մարգար էֆ-ի տունը երթալու և մեր Ակումբին որոշմնագիրը իրեն հաղորդելու,– պատասխանեց Ատոմ։

− Ի՞նչ որոշմնագիր…

− Դուն թեև այլևս Ակումբի անդամ չես, բայց իբրև նախկին անդամ, կրնանք քեզի հաղորդել, մանավանդ որ ծածուկ բան մը չէ և թաղեցիներուն ալ պիտի ծանուցվի։

Այս ըսելով Ատոմ ոտքի ելավ, դարակի մը մոտեցավ, բացավ և Ակումբի արձանագրության տետրակը առնելով բերավ ուսուցչին և ըսավ.

− Կարդա՛, մեր վերջին, այսինքն երեկ գիշերվան նիստին արձանագրությունը։

Պարոն Թորգոմ դողահար ձեռքով տետրակը բացավ և հետևյալը կարդաց.

«Ժողովը իր այս գիշերվան նիստին մեջ նկատի առավ թաղային խնդիրը և Վարչության տված որոշումը՝ Առժամյա Թաղական Խորհրդի մը կազմության մասին։

«Ակումբի անդամները թեր ու դեմ վիճաբանութենե մը ետքը մեծամասնությամբ սա եզրակացության հանգեցան թե՝ թաղեցիները վերջին քվեարկության ատեն ջախջախիչ մեծամասնությամբ արտահայտված էին ի նպաստ Մարգար էֆենտիի և իր կուսակիցներուն, մյուս կողմե Պողոս էֆ. իսպառ հեռացած էր թաղեն, որով կորսնցուցած էր իր ընտրելիի հանգամանքը։ Այս պայմաններուն ներքև պայքարին շարունակությունը ամուլ և աննպատակ պիտի ըլլար և Ակումբին փրեստիժը կոտրելե ուրիշ բանի չպիտի ծառայեր։ Թաղը մշտատև հուզումի մեջ պահելով ուրիշ արդյունք առաջ չպիտի գար, եթե ոչ վնասել կուլտուրական գործին։ Ուստի «Շանթ Ակումբը» կորոշե բոլորվիլ նոր առժամյա Թաղական Խորհրդին շուրջը, օժանդակել անոր, ուժ տալու համար կուլտուրական գործին։ Միևնույն ատեն ժողովը պաշտոն կհանձնե իր նախագահին սույն որոշումը հաղորդելու առժամյա Թաղական Խորհրդի անդամներուն և հայտարարելու թե՝ «Շանթ Ակումբը» ոևէ կերպով խոչընդոտ չպիտի ըլլա իրենց գործունեության, պայմանավ, որ