Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարգար էֆենտին անիկա ճաշի վրա դրավ, իսկ ինծի կես բերան «կեցի՛ր» չըսավ, ի՞նչ կրնայի ընել… բռնի կերակուրի՞ կենայի…

− Տեսա՞ր մի այդ Սուսերյանցը, ինչպես ջուրին երեսը ելավ… անոր չափ վարպետություն ալ չունիս եղեր…

− Ես պարկեշտ և ուղղամիտ մարդ մըն եմ… անանկ մեկ օրեն մյուսը դիմակ չեմ կրնար փոխել։

− Ճանըմ, ատոնք պարապ խոսքեր են… գործնական մարդու խոսքեր չեն, մարդս այս աշխարհիս մեջ ապրելու համար քիչ մը ամենուն հետ վարվիլ գիտնալու է։ Նայե՛, Սուսերյանցը ինտոր անմիջապես Մարգար էֆենտիին թաբթաբը մտավ… տեսնելու էիր, թե ինչ սիրով կխոսակցեին իրարու հետ։

Արդարև Ռափիկ աղա իրավունք ուներ, վաճառականը բացառիկ պատիվներ ընծայած էր Սուսերյանցի, երբ այս վերջինը իրեն հաղորդած էր «Շանթ Ակումբ»-ի որոշումը։ Մարգար էֆենտի որքան ալ սրտանց փափաքեր թաղական ըլլալու՝ միևնույն ատեն կերկնչեր «Շանթ Ակումբ»-են, որ թաղին մեջ միակ ընդդիմադիր տարրն էր և որուն անդամները իրենց ծայրահեղություններով, որոնց փորձերը տրված էին հաճախ, կրնային իրարանցումներ առաջ բերել և խոչընդոտ հանդիսանալ իրեն պաշտոնավարության։ Ահա ասոր համար անոնց օժանդակությունը մեծ զորավիգ մըն էր, Առժամյա նոր Թաղական Խորհրդին համար, և վաճառականը պարտավոր էր ձեոքեն եկած ամեն զոհողությունները ընելու, որպեսզի Սուսերյանց և իր ընկերները իրեն հյուր ըլլան։

− Դուն ալ ամմա ապուշ ես եղեր,− ըսավ Ռափիկ աղա,– ճիշտ այն միջոցին, ուր «Շանթ Ակումբ»-ին մեջ մնալու էիր՝ հրաժարական տվեր ես…

− Ի՞նչ ընեմ, դիպվածը այնպես բերավ, ես տեղեկություն չունեի թե Ակումբը իր քաղաքականությունը փոխած է։

− Ես ալ գիտեմ ատանկ ըլլալը, բայց ամեն մարդ այդպես չխորհիր… գիտե՞ս հիմա քեզի համար ի՞նչ կըսեն կոր։

− Ի՞նչ,− հարցուց ուսուցիչը դող ելած։

− Իբր թե դուն «Շանթ Ակումբ»-են հրաժարեր ես, որովհետն Ակումբը որոշել է աջակցել Մարգար էֆ.-ին, այնպես որ հիմա թաղին մեջ դուն առանձին միակ հակառակորդը կըլլաս կոր Առժամյա Թաղ. Խորհրդին։