Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրցած ինքզինքը զսպել և դժգոհություն հայտնած էր Մանուկ աղային։

− Դուն ավետարան չե՞ս կարդացեր,− ըսավ Առժամյային նորընտիր անդամը։

− Կարդացեր եմ մանկությանս,− պատասխանեց ընկեր Կայծունի։

− Անառակ որդիին առակը չե՞ս գիտեր․․․ մարդը իր անառակ որդիին դարձը տոնելու համար լավագույն ոչխարը կկտրե․․․ ահա, ճիշտ անանկ ալ Մարգար էֆենտի, Սուսերյանցի դարձի գալուն շատ ավելի ուրախացած է, քան թե ձեր փորձված անձնվիրութենեն։

− Բայց այդ պարագային մենք խաբված կըլլանք կոր․․․

− Հետո,− շարունակեց Մանուկ աղա, որ կուզեր ցույց տալ իր ավետարանական հմտությունը,− կորսված ոչխարին առակր չե՞ս հիշեր։ Հովիվը իր 99 ոչխարը երեսի վրա ձգեր ու մեկ մոլորված ոչխարին ետևեն գացեր է, և երբ այդ մոլորվածը գտեր է, ուրախությամբ գրկեր և մյուս ոչխարներուն քով դարձեր է, ճիշտ Մարգար էֆենտին ալ այդպես ըրավ, Սուսերյանց «կորուսյալ էր և գտավ», ասոր համար ահա ամեն պատիվ կընծայե անոր։

Ավետարանական այս օրինակները շատ չմխիթարեցին ընկեր Կայծունին, որ մեկնեցավ Մանուկ աղային քովեն, առանց իր դժգոհությունը ծածկելու։

Բայց դառնանք մեր նորընտիր թաղականներուն։

Ինչպես ըսինք, կիրակի օր Մարգար էֆ․ ընկերներով եկավ եկեղեցի և անմիջապես ուղղվեցավ խորհրդարան՝ աջ ու ձախ բարևներ շռայլելով։

Բակը լեցված էր հետաքրքիր թաղեցիներով, որոնք համակրական ընդունելություն մը ըրին իրենց նոր թաղականներուն։

Մարգար էֆենտի ուրախութենեն կճառագայթեր։ Վերջապես հաջողած էր իր մղած պայքարին մեջ։

Վաճառականին ուրախությունը անխառն պիտի ըլլար, եթե Գարեգին մասնակցած չըլլար իրենց ժողովին։ Ընթերցողները գիտեն, թե Մարգար էֆենտին ինչ ատելությամբ լեցված էր երիտասարդ հաշվակալին դեմ, բայց և այնպես չուզեց խնդիր հարուցանել։

− Մեկի դեմ չորս հոգի ենք,– դիտել տված էր Մանուկ