Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էֆենտի,− հետևաբար անոր ներկայությունը ոևէ նշանակություն չկըրնար ունենալ։

Հազիվ թե Մարգար էֆենտի բազմեցավ իր ատենապետի աթոռին վրա՝

− Սա ժամկոչը կանչեցեք,− գոչեց։

Վայրկյան մը ետքը Վարդան աղբար դողահար մահապարտի մը պես տժգույն ներս մտավ խորհրդարանեն։

− Դուն ա՛լ այստեղ գործ չունիս,− ըսավ վաճառականը քրջիդ ժողվե գնա․․․

Հետո խորհրդարանին գրագիրին դառնալով հարցուց․

− Սա մարդը հաշիվ ունի՞։

− Տոթանասունըհինգ ղուռուշ առնելիք մը ունի։

− Մելիտոս էֆենտի, հաշիվը անմիջապես մաքրե,− ըսավ Մարգար էֆ․՝ նորընտիր գանձապետին դառնալով։

Բոլոր այս խոսակցության միջոցին ժամկոչ Վարդանը բերանը չէր բացած։

− Ճի՞շտ է, 75 ղուռուշ առնելի՞ք ունիս,− հարցուց վաճառականը։

− Չեմ գիտեր,− պատասխանեց խեղճ մարդը։

− Ի՞նչպես, դուն քո հաշիվդ չե՞ս գիտեր։

− Տետրակին մեջ գրված է․․․

Հետո մոտեցավ նոր ատենապետին ու աղաչավոր ձայնով մը․

− Էֆենտի, ոտքդ պագնեմ,− կակազեց,− չոլուխ չոճուխի տեր եմ, անոնց ողորմեցե՛ք։

− Թաղական Խորհուրդը իր որոշումը տված է այլևս,− պատասխանեց վաճառականը չոր ձայնով։

− Աղանե՛ր, դուք բարեխոսեցե՛ք,− աղաչեց ժամկոչը մյուս թաղականներուն դառնալով։

Ժամկոչին վիճակը այնքան արգահատելի էր, որ թաղականներուն գութը շարժեց։

Գանձապահը զայն կամաց մը քովը կանչեց, 75 ղուռուշը տվավ, և ցած ձայնով մը ըսավ։

− Դուն դուրս ելիր, մենք քեզի համար պետք եղածը կխոսինք։

Վարդան իր աղաչավոր նայվածքովը շնորհակալություն հայտնելով Մելիտոս էֆենտիի, խորհրդարանեն դուրս սպրդեցավ։