Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Մեր եկեղեցին պզտիկ է, բազմությունն ալ շատ, երերալու տեղ չկա։

–Մեր տեղը շատ աղեկ էր։

− Ասկե զատ մեր ժողովուրդը անկիրթ է,− շարունակեց ավագերեցը,– մեծը, պզտիկը չի զանազաներ… ձեր շուրջը կարգ մը կիներ կեցած էին, շիտակը սիրտս շատ նեղացավ, պիտի գայի քանի խոսք ընեի։

− Կարևորություն չունի, Տեր հայր, մենք ուշադրություն անգամ չըրինք։

− Դուք չըրիք, բայց ես ըրի, ի՞նչ ըսել է, որ պարզ խանութպանի մը կամ արհեստավորի մը կնիկը գա Մարգար էֆ-ին կնոջ քովը կենա… ամեն բանի մեջ պատշաճություն պետք է։ Եթե ես ձեր տեղը ըլլամ, Մարգար էֆ., եկեղեցին կարգ կարգի կբաժնեմ, ինչպես որ շոգենավերն ու շոգեկառքերը կընեն, Ա. կարգ, Բ․ կարգ, Գ․ կարգ։

− Եկեղեցիին մեջ այդպես բաժանումներ կըլլա՞ն մի լա,− ըսավ Միհրանիկ էֆ. խնդալով։

− Ինչո՞ւ չպիտի ըլլա,– գոչեց ավագերեցը,– երկնքին մեջ անգամ հրեշտակները զատ-զատ դասերու բաժնված են։

− Երթա՛նք, ուշ մնացինք, կերակուրի ատեն է,− դիտել տվավ վաճառականը։

Փոքրիկ խումբը պատրաստվեցավ մեկնելու։

− Բարի ախորժակ,− գոչեց ավագերեցը ետևեն,− աստված ձեր սեղանը միշտ ճոխ և առատ պահեսցե, տերն մեր հաջողություն պարգևեսցե։

− Տեր հայրը ճաշի հրավիրելու էիր,− դիտել տվավ տիկին Սաթեն իր էրկանը, երբ փողոց ելան։

− Այդ մարդոց շատ երես տալու չի գար,− պատասխանեց վաճառականը,− մեյ մը հրավիրենք նե՝ ալ ամեն օր կվազեն կոըգան։

Մարգար էֆենտիի և իր թաղականության աոաջին օրը այսպես անցավ։

ԺԸ

− Հրամմեցե՛ք, Գարեգին էֆենտի, բարի եկար… հրավերի՞ կսպասեիր կոր հոս գալու համար։