Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Չեմ գիտեր, բայց կհուսամ․․․ թերևս վարձատրություն մը տալով։

− Ատիկա վտանգավոր միջոց մըն է և… ինչ որ է, այդ մասին կրկին կխորհենք, առայժմ այդ չենք կրնար ուղղակի կերպով շահագործել, բայց անուղղակի կերպով կրնանք շահագործել… դուն ջանա սա մյուս վկային հետքը գտնելու… անիկա թերևս շատ ավելի մանրամասն իրողություններ կարողանա հայտնել։

Վաճառականը պատասխանեց, թե արդեն կհետազոտե անոր հետքը և փաստաբանը մեկնեցավ՝ ըսելով․

− Դուն իմ հրահանգներս ջանա որ լավ մը գործադրես և այն ատեն ամեն բան կդյուրանա… բողոքագիր մը տալու է Վարչության, հասկցա՞, հոս է խնդիրը։

Վաճառականը երբ առանձին մնաց, գոհունակությամբ նոր սիկարեթ մը վառեց։ Այս անակնկալ աջակցությունը զինքը կսրտապնդեր, Սափորյանի պես մեկը արհամարհելի ուժ մը չէր և վարպետորդիի ճշմարիտ համբավ մը կվայելեր։

− Եթե Գարեգին ալ չհամառեր,− մտածեց,− գործերնիս շատ կդյուրանար, բայց այդ տղուն չափազանց պարկեշտությունը վնասաբեր կըլլա կոր։ Ես ալ թերևս շատ պահանջկոտ եղա, երբ առաջարկեցի, որ Թաղ. Խորհրդեն հրաժարական տա իմ քովս կարենալ պաշտոնավարելու համար։ Նույնիսկ սխալ մը էր ըրածս։ Մեղք, որ Սափորյանը Գարեգինեն առաջ չեկավ, այն ատեն խնդիրը բոլորովին տարբեր ձև մը կառներ։

ԺԹ

− Անիրավություն է, էֆենտիմ, այսչափ տարվան տեսուչը կճամփվի՞ վարժարանեն, հանցանքը ի՞նչ է խեղճին։

− Մեծագոյն հանցանքը իր անկարողությունն է։

− Պարապ խոսք, հիմա մեջտեղ ելավ անկարողությունը… շատ ալ աղեկ կկառավարեր կոր վարժարանը։

− Քու խելքդ չի հասնիր հա՞, վախնամ Քեմպրիճի համալսարանեն ելած ես։

− Ինչ որ ալ ըլլա, սա իրավ է, որ Սուսերյանցը շատ ավելի կարողության տեր մարդ է, քան պարոն Թորգոմը։ Մարդը մանկավարժությունը իրեն մասնագիտություն ըրած է։