Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թաղական Խորհուրդը իրեն հայտարարած էր թե պաշտոնեն դադրած էր։

Թեև կսպասեր այդպիսի տնօրինության մը, բայը մյուս կողմե կհուսար, որ տեղի չպիտի ունենար։

− Պաշտոնիս մեջ երբեք թերացում մը չեմ գործած, ի՞նչպես կրնան զիս ճամփել,− կըսեր ինքնին։

Թաղ․ Խորհրդարանին մեջն ալ նույնը ըսավ։

− Կփափաքեի գիտնալ, թե ինչո՞ւ կդադարեցվիմ պաշտոնես, արդյոք անգիտակցաբար թերացո՞ւմ մը գործած եմ։

− Ո՛չ,– պատասխանեց Միհրանիկ էֆենտի,− թերացում չեք գործած։

− Ուրեմն ի՞նչ է ձեր որոշումին թաքուն շարժառիթը։

− Թաքուն շարժառիթ չկա, միայն թե խորհուրդս այնպես որոշեց։

− Եթե հանցանք մը գործած եմ, հայտնեցե՛ք։

− Ամեն տարի վարժարաններու մեջ դասատուներ և տնօրեններ կփոխվին՝ առանց հանցանք մը գործած ըլլալու, միմիայն վարչական պատճառներով։

− Կփափաքեի գիտնալ այդ պատճառները։

− Խորհուրդս ստիպված չէ որոշումներուն բացատրություն տալ։

− Բայց երբ այդ որոշումը մարդու մը ապագան կխորտակե, կարծեմ գոնե այդ մարդը իրավունք ունի բացատրություն ուզելու։

− Ապագա խորտակվելու խնդիր չկա։ Պոլսո մեջ շատ վարժարան, հոս չեղավ, ուրիշ տեղ գործ մը կգտնես։

− Այո՛, բայց երբ հրաժարվելուս պատճառը մութ մնա, ասիկա կրնա կասկածներ հարուցանել և զիս վարկաբեկել։ Երբ որ ինծի հարցնեն, թե ինչո՞ւ ճամփված եմ այս վարժարանեն, ի՞նչ պատասխան տամ։

Այս պնդումները սպառեցին Մարգար էֆենտիի համբերությունը, որ մինչև այն ատեն լուռ կեցած էր։

− Քեզի բան մը ըսե՞մ,− ըսավ,− հարկ դատեցինք քեզ հրաժարեցնել, որովհետև որոշած ենք վարժարանին ուսման մակարդակը բարձրացնել։

− Լավ, ատիկա ի՞նչ առնչություն ունի ինծի հետ։

− Սա առնչությունը ունի, որ այդ մակարդակին համար տեսուչի մը պետք ունինք։