− Բայց այդ պառավը ծանր հիվանդ է եղեր ու քովը մեկը չունի զինքը խնամելու, հիմակուհիմա հանձնարարականը տանք, թո՛ղ երթա, քննությունն ալ ետքը կկատարենք։
− Ինչպես որ հարմար դատեք։
Այս խոսակցության միջոցին ուսուցիչը անշարժ նստած էր իր տեղը և մեկնելու դիտավորություն ցույց չէր տար։
Վաճառականը անհամբեր, դեպի անոր դարձավ և ըսավ․
− Կարող եք երթալ…
− Դեռ ըսելիքներ ունիմ… մեկ քանի դիտողութուններ,– կմկմաց պարոն Թորգոմ։
− Բայց մենք ձեր դիտողությունները լսելու համար ձեզ հոս չկանչեցինք, այլ մեր որոշումը հայտնելու համար,− պատասխանեց վաճառականը։
− Իրավունք ունիմ իմ բողոքս ներկայացնելու…
− Ոչ մեզի…
− Հապա որո՞ւ։
− Թերևս Ուսում. Խորհրդին,– ըսավ Մարգար էֆ. քմծիծաղով մը,− կարծես երբ ուսուցիչ մը ինքզինքը անիրավված զգա, անոր դիմում կընե։
− Ատիկա արդեն պիտի ընեմ,− գոչեց ուսուցիչը։
− Ուրեմն ավելորդ է մեզի այստեղ ժամավաճառ ընելը։
− Բայց կպահանջեմ, որ իմ բողոքս արձանագրվի հոս։
− Երկար ըրիր…
− Ձեր անձնական վրեժը լուծելու համար է, որ զիս կհրաժարեցնեք։
− Որոշումը միաձայնությամբ տրվեցավ Թաղ. Խորհուրդի կողմե, և որոշումն ալ անդառնալի է, ուստի պարապ տեղ շունչ մի հատցներ, երթաք բարով։
Այս անգամ պարոն Թորգոմ հասկցավ թե իրավցնե անօգուտ էր երկար մնալ Խորհրդարանը, մանավանդ որ Մարգար էֆ. կսկսեր զայրանալ և կրնար ծանր բառեր արտասանել, որոնց ինքն ալ պիտի ստիպվեր պատասխանելու, և անախորժ միջադեպերու տեղիք տալու։
Ուստի կաս−կարմիր կտրած դուրս ելավ «մնաք բարով» մը մռտալով քթին տակեն։
Ինչպես տեսանք՝ այս եղելությունը թաղին մեջ հետևյալ օր ընդհանուր խոսակցության նյութ դարձած էր։ Ուսուցիչը աբողջ