ընելու կարող է… խեղճ պարոն Թորգոմ, դուն ալ ինծի զոհ գացիր։
– Այդ խոսքերը չեմ ընդունիր, ես իմ ազգային անհատի պարտականությունս կատարեցի միայն, իմ համոզումներուս հպատակելով։
− Գիտեմ, բայց քեզի թշնամիներ ստեղծեցիր։
− Այո՛, կխոստովանիմ։
− Թշնամիներ, որոնք այսօր քեզ նյութապես վնաս կհասցնեն։
− Այդ ալ իրավ է, բայց ես իմ բռնած ընթացքիս համար զղջում չեմ հայտներ, որովհետև համոզումով և ուղղությամբ վարված եմ։
− Ատիկա շատ գեղեցիկ զգացում մըն է, բայց բավական չէ։
− Ինչ ըսել կուզեք։
− Ըսել կուզեմ որ՝ պետք է դուն ալ աշխատիս, որ այդ մարդիկը անպատիժ կերպով այսպես քեզ անիրավաբար չի հարվածեն։
− Այդ մասին արդեն հարկ եղածը ըրած եմ։
− Ի՞նչ ըրիր,− հարցուց վաճառականը հետաքրքրությամբ։
− Անմիջապես բողոքագիր մը գրեցի․․․
− Կեցցե՛ս, և ղրկեցի՞ր։
− Ո՛չ տակավին։
− Ավելի աղեկ։
− Ինչո՞ւ համար։
− Որովհետև այդ բողոքագրին հանրագրության մը ձև տալու է։
− Հանրագրությո՞ւն մի,− հարցուց ուսուցիչը զարմացած,– անձնական խնդիր մըն է աս, իմ և Թաղական Խորհուրդին միջև, որուն դատավորն է…
− Բնականաբար, Վարչությունը,− ընդմիջեց Պողոս էֆենտի։
− Չէ՛, Ուսում. Խորհուրդը, ան կխառնվի ուսուցիչներուն վեճերուն։
− Իրավունք ունիմ եղեր ըսելու, որ աղեկ ես ըրեր բողոքագիրդ չղրկելով… Ուսում. Խորհուրդը մեկ կողմ դիր, ուղղակի Վարչության դիմե՜։
− Վարչությունը բողոքագիրս ուղղակի Ուսում․ Խորհրդին պիտի հղե պարզապես ի նկատառություն։