Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ գրասեղանին առջև անցնելով, Սափորյան էֆենտի, հետևյալ գլուխգործոցը արտադրեց.

«Ստորագրյալքս կուգան հանուն Ք․ թաղի ամբողջ հայ բնակչության ուժգնորեն բողոքել տեղվույս նորակազմ Առժամյա Թաղ. Խորհուրդին և մասնավորապես իր ատենապետին ինչ-ինչ արարքներուն դեմ, որոնք կսպառնան վրդովել և նորանոր հուզումներու մատնել ամբողջ թաղը և անախորժ ծայրահեղությանց մղել թաղեցիներուս, ծայրահեղություններ, որոնց ամբողջ պատասխանատվությունը այժմեն կթողնենք Թաղական Խորհուրդին և իր ատենապեաին վրա։

«Շատ երկար կըլլա մի առ մի թվել բոլոր այն հախուռն, ապօրեն, հակասահմանադրական, անհեռատես ու կամայական արարքները, որոնցմով նորակազմ Առժամյա Թաղ. Խորհուրդը և իր ատենապետը ցույց տվին իրենց գործունեության որակն ու քանակը, ժողովրդային զայրույթը հասցնելով իր գագաթնակետին, և քար գայթակղության ու խնձոր գժտության հանդիսանալով թաղիս մեջ։

«Այդ անլուր արարքներեն առայժմ կհիշենք միայն վերջինը, որ ժողովրդային ցասումը իր ծայր աստիճանին հասցուցած է։ Տեղվույս Ազգ. Վարժարանի բազմարդյուն, ժրաջան, անձնվեր ու գործունյա տեսուչը՝ պարոն Թորգոմ, որ թե՛ վարժարան հաճախող երկսեռ աշակերտներուն և թե՛ անոնց ծնողներուն հարգանքն ու համակրանքը կվայելեր, և որ համեմատապես կարճ ժամանակամիջոցի մը մեջ կրցած էր վարժարանը նախանձելի վիճակի մը հասցնել, հանկարծ կվտարվի իր պաշտոնեն նորակազմ Թաղ. Խորհրդի ատենապետին անձնական թշնամության և վրեժխնդրության զոհ երթալով և իր տեղ տեսուչ կնշանակվի կուսակցամոլ բախտախնդիր մը, զուրկ ոևէ արժանիքե և որուն տեսչության ներքև մեր վարժարանը կսպառնա հոգևոր սպանդանոց մը դառնալ, մեր երկսեռ մանուկներուն համար։ Այդ բախտախնդիր անձին տեսուչ նշանակելուն զրույցն իսկ բավ եղավ, որպեսզի շատ մը ծնողքներ որոշեն իրենց զավակները չղրկե Ազգ․ Վարժարան, և օտար հաստատություններու հանձնեն անոնց կրթությունը, զանոնք ուծացնելով մայր եկեզեցիեն և տոհմային նկարագրե, մեկ-մեկ աշխարհաքաղաքացի դարձնելով։ Այս ահեղ վտանգը արդեն բավ է վեր ի վայր շրջելու ամբողջ թաղս, և արդեն իսկ բողոք, տրտունջ, գայրույթ և բարկություն կտիրեն ամեն կողմ, և եթե պատկառելի