Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ո՞ւր կվազես այսպես,− հարցուց վաճառականը իրեն մոտենալով։

− Ստիպողական գործ ունիմ,- պատասխանեց ուսուցիչը,- թաղե մը զիս հրավիրած են… վարժարանի տեսչության պաշտոն մը կառաջարկեն կոր, բանակցելու պիտի երթամ։

− Խենթեցա՞ր,− գոչեց Պողոս էֆ. հանդիմանական շեշտով մը։

− Ինչո՞ւ համար…

− Ինչպե՞ս այդ տեսակ պաշտոն մը կրնաս ընդունիլ։

− Ինչո՞ւ չպիտի կրնամ ընդունիլ։

− Հապա Ք․ թաղին վարժարանը…

− Ճանըմ, ստվերին համար իրականությունը չփախցնենք… ինծի գործ մը պետք է, կուզե Ք․ թաղին մեջ ըլլա, կուզե ուրիշ թաղի մեջ…

− Հապա պատի՞վդ… հապա արժանապատվությունդ… դուն ասա՞նկ խոստացար ինծի… ի՞նչ ըրիր հանրագրությունը։

− Դեռ անով չզբաղեցա,− պատասխանեց ուսուցիչը, որ չէր ուզեր իր ձախողանքը խոստովանիլ։

− Եղբայր, ասանկ բան կըլլա՞, գոնե քանի մը հոգիի ստորագրել տայիր…

− Նախ սա մյուս գործս կարգադրեմ,− պատասխանեց ուսուցիչը, հետո բան մը կընենք…

− Մյուս գործեդ վազ անցիր… քեզի ըսինք որ՝ հիմա գործի ետևեն պտտելու ատեն չէ։

− Պողոս էֆ, ապրիլ պետք է… վաղը մյուս օր եթե վարժարանները բացվին ու ես բացը մնամ, ի՞նչ պիտի ընեմ։ Հիմակվնե պետք է, որ գլխուս ճարը նայիմ։

− Քեզի ըսինք, որ ապրուստի մասին մտածելու պետք չունիս, ես կեցեր եմ, եթե բանի մը պետք ունենաս, կրնաս ինծի դիմել։

− Բայց ես չեմ վարժված ողորմությունով ապրելու…

− Ատի ի՞նչ խոսք է, ողորմությո՞ւնը ինչ պիտի ըլլա… ուզած ատենդ գործդ պատրաստ է իմ քովս… քեզի գրասենյակս պիտի առնեմ։ Վարժապետութենեն ի՞նչ ես հասկցեր, ես քեզի աղվոր գործ մը տամ, որ գոնե օր մը մարդ ըլլաս։

− Եթե այդպիսի բան մը ընեք, հավիտյան երախտապարտ պիտի մնամ ձեզի։