Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Դրամը դյուրին է,− ըսավ Թորգոմ հպարտ ձևով մը,– դրամ կա… միայն թե…

− Եթե դրամ կա, ալ ի՞նչ կմնա անդին։ Գործդ տեսնված է ուրեմն։

− Շիտակը ես կկասկածիմ կոր քիչ մը։

− Կասկածիլ,– գոչեց Ճանիկ,− երբ ես եմ գործը վրաս առնողը… իրավ որ տարօրինակ մարդ ես եղեր։

Ուսուցիչը միշտ վարանոտ ընթացք մը ուներ։ Ի՞նչ պետք կար հանրագրության՝ եթե Սուսերյանցի առաջարկը պիտի ընդուներ ու վարժարանին մեջ պաշտոնի կոչվեր։ Միայն թե իրավունք ունե՞ր այդպիսի պաշտոն մը ընդունելու, երբ հանձնառություններ առած էր հանդեպ Պողոս էֆ-ի և նույնիսկ դրամ ալ ընդունած էր անկե։ Անշուշտ դրամը կրնար իսկույն վերադարձնել, բայց դասալքություն մը չպի՞տի ըլլար ասիկա և զինքը չպի՞տի վարկաբեկեր վաճառականին աչքին։ Բոլոր այս մտածումները իր միտքը կչարչարեին այս վայրկյանին։ Ճանիկ նշմարեց, որ իր խոսակիցը հոգեկան տագնապի մը մատնված է և ըսավ.

− Մտմտուք մը ունիս կարծեմ, շատ մտածկոտ ու շվարած կերևաս կոր։

− Այո՛,− խոստովանեցավ Թորգոմ։

− Դրամ չկրցա՞ր ճարել։

− Ընդհակառակը, դրամի խնդիրը կարգադրված է․․․ դրամը հոս պատրաստ է։

Եվ ուսուցիչը ձեռքը գրպանին զարկավ, ուրկե մեճիտիեներու քաղցր ձայն մը լսվեցավ։ Ճանիկի դեմքը ճառագայթեց։

− Ուրեմն վարանումդ ի՞նչ է,− գոչեց։

− Կմտածեմ, որ թերևս անօգուտ ըլլա այդ հանրագրությունը,− պատասխանեց Թորգոմ։

− Ինչո՞ւ համար։

− Որովհետև մյուսները տեղի տալու տրամադիր չեն։

− Ի՞նչ կերպով։

− Կերևա, որ համոզում գոյացուցած են թե՝ առանց ինծի կարելի չէ վարժարանը վարել։

− Ո՞ւրկե իմացար։

− Նույն ինք Սուսերյանցը ըսավ։

− Պարզապես քու քթիդ խնդացեր է։