Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի փախցներ ատանկ գործ մը,– գոչեց Մանուկ աղա,− վազ անցիր սա վարժապետութենեն… հրապարակի մարդ եղիր։

− Բայց իմ կոչումս ուսուցչությունն է…

− Կոչում մոչում պարապ խոսքեր են, դուն դրամ վաստակելդ նայե. վարժապետության մեջ ապագա չկա, ահա, աչքերնուս առջևն են վարժապետները… ամենեն աղեկը վերջ ի վերջո կամ անոթի կմնա և կամ հիվանդանոցին մեջ կյանքը կվերջացնե։

Պարոն Թորգոմ գոհ չմնաց Մանուկ աղայի այս տեսութենեն։ Ինք կհուսար, որ թաղականը պիտի ջանար զինքը համոզելու, որպեսզի ուսուցիչ մնա և պիտի աղաչեր, որ վարժարանին մեջ պաշտոն ընդունի։

− Տեսնեմ,− ըսավ,− դեռ մտածելու ատեն ունիմ, ես ուսուցչությունը կսիրեմ և նյութականեն ավելի բարոյական վարձատրություն և գոհունակություն կփնտռեմ․․․ Ես պատրաստ եմ կրկին ուսուցչությամբ ապրելու, բայց պայմանավ…

Մանուկ աղա չհարցուց թե ինչ էր այդ պայմանը, սակայն ուսուցիչը շարունակեց.

− Նախ պետք է, որ կատարյալ գոհացում տրվի ինծի, հետո ամսական հավելում ըլլա և կանոնավոր պայմանադրություն մը կնքվի առնվազն հինգ տարվան համար, որպեսզի այս կամ այն թաղականին կամ հոգաբարձուին քմահաճույքեն կախված չըլլամ։

− Իրավունք ունիս,− պատասխանեց Մանուկ աղա, պրն. Թորգոմի խոսքը անպատասխան չթողնելու համար։

− Հարկավ իրավունք ունիմ,– գոչեց ուսուցիչը ուժ առնելով թաղականին այս հավանութենեն,− քանի որ անհրաժեշտ պետք ունին ինծի, քանի որ իրենք ստիպված են դիմում ընել և խնդրել, որ պաշտոնս ընդունիմ, ուրեմն պետք է, որ իմ պայմաններս ընդունին… այնպես չէ՞։

− Անանկ է, մյուսյու Թորգոմ։

− Ալ հերիք է, որքան որ շահագործեցին իմ բարեկամությունս… նախ պետք է, որ արժանապատվությունս լիովին գոհացում գտնե…

− Բայց խնդիրը ի՞նչ բանի վրա է.− հարցուց Մանուկ աղա միամտորեն, ի՞նչ պաշտոն է ձեզի առաջարկվածը։

− Ինչպե՞ս, դուք լուր չունի՞ք,− գոչեց Թորգոմ զարմացած։

− Չէ՛, քու մասիդ բան չեմ իմացած բնավ։

− Թաղ. Խորհուրդին մեջ խնդիր չէ՞ ծեծված։