Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հազիվ կարող եղա զինքը հանգստացնել և խնդիրը անուշ տեղը կապել։

− Անշուշտ հազար ներում խնդրելով։

− Ի՞նչ ընեի, ուրիշ ճար չկար։

− Եվ այսպես հանրագրությունը չտեսար։

− Ո՜չ, բայց վաղը կամ մյուս օրը անպատճառ պիտի բերե, և իսկույն ես ալ ձեզի կբերեմ։

− Այդ մարդուն մինչև հիմա ո՞րքան դրամ տվիր,− հարցուց վաճառականը։

− Առաջին անգամ 200 ղրուշ և երեկ ալ 150 ղրուշ։

− Քեզի եթե բան մը ըսեմ՝ չես բարկանար ա…

− Ինչո՞ւ բարկանամ։

− Լավ ուրեմն, դդումին մեկն ես եղեր, հիմա հասկցա։

− Ինչպե՞ս,− գոչեց ուսուցիչը հուզված։

− Այդ մարդը պարզապես քեզ կխաբե կոր, դրամ բրցնելու համար։

− Անկարելի բան է։

− Ես գրավ կդնեմ, որ այսպես է։

− Պողոս էֆենտի, հավատացեք որ կսխալիք կոր։

Վաճառականը չպատասխանեց և միայն ձեռքի անորոշ շարժում մը ըրավ, որ շատ գգվիչ չէր ուսուցչին համար, այս վերջինը դժգոհ կերպարանքով մը ոտքի ելավ և մնաք բարև ըսավ վաճառականին։

− Երկու օրեն երբոր հանրագրությունը ստորագրություններով բերեմ, այն ատեն պիտի համոզվիք, որ սխալեր եք,− ըսավ հաստատ շեշտով։

− Ինշալլահ… այն ատեն ըսած խոսքերս ետ կառնեմ, և կխոստանամ բացեն աղվոր նվեր մը ընել այդ քու վարպետորդի Ճանիկիդ։

− Պիտի տեսնեք, որ իրավցնե արժանի պիտի ըլլա այդ նվերին։

Եվ Թորգոմ հաղթականորեն դուրս ելավ վաճառականի գրասենյակեն։

Սակայն քիչ մը ետքը մտատանջության մեջ ինկավ։

Կասկածանքը իր սիրտը պաշարեց։

− Արդյոք Պողոս էֆ. իրավունք ունի՞։ Ճանիկը զիս կխաբե՞ կոր,− խորհեցավ։