Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վկայագիր չպիտի ուզե տալ, քանի որ իրենց կարողությունը գիտե, գյուղին մեջ քանի մը տուն ունին…

− Էյ, ի՞նչ կուզես, որ ընե Մարգար էֆ-ն։

− Շատ պարզ բան մը,− պատասխանեց Նվարդը,− իբր թե հիվանդը այս թաղեն կըլլա ու այստեղի Թաղ. Խորհուրդը կվկայե անոր չքավորությունը։

− Աղեկ, բայց եթե գործը երևան ելլե՞․․․

− Ինչպե՞ս կարելի է, ո՞վ պիտի քննե և ճշմարտությունը երևան հանե… խնդիրը մեյ մը հիվանդը հիվանդանոցին մեջ տեղավորելու վրա է, ալ անկե ետքը ոչ ոք անոր հետ կզբաղի։

− Չեմ գիտեր, բայց շատ կնճռոտ գործ մը կերևա կոր ըսածդ,− պատասխանեց տիկին Սաթեն վարանոտ դեմքով մը։

− Ամեն բան Մարգար էֆենտիին ձեռքն է,– վճռեց տիկին Նվարդ,− Թաղ. Խորհուրդի քարտուղարին հրաման ընելուն պես թուղթը կգրե, ինքն ալ իբրև ատենապետ կստորագրե, կկնքե, լմնցավ գնաց։

− Բայց մյուս թաղականները դիտողություն չե՞ն ըներ։

− Անոնք իմանալու պետք չունին, ասիկա վիճաբանության դրվելու խնդիր մը չէ, այլ պարզ գործողություն մը, ես քիչ շատ գիտեմ այդ բաները, սիրելի Սաթեն, ամեն բան քու ձեռքդ է, ես գիտեմ, որ Մարգար էֆ-ն քու խոսքդ չկոտրեր, մանավանդ երբ որ քիչ մը վրա տաս… կաղաչեմ, կպաղատիմ, այս խնդիրքս չպիտի մերժես։

− Սիրելիս, գիտես որ ձեռքես եկած ծառայությունը չեմ մերժեր քեզի… բայց միտքս բան մը ինկավ, տրվելիք վկայագրին տակ ատենադպիրին անունն ալ պիտի գտնվի, և ատենադպիրը քու էրիկդ է, հետևաբար իրողությունը պիտի իմանա, մինչդեռ դուն կըսեիր, թե չես ուզեր, որ Միհրան էֆ-ն իմանա։

− Ճանըմ, վասն ատենադպիրի թող ուրիշ թաղական մը ստորագրե, այդ խնդիր չէ։

− Այս դժվարությունն ալ կարգադրեցիր,− պատասխանեց տիկին Սաթեն խնդալով,− լավ ուրեմն, այս իրիկուն կխոսիմ էրկանս, վստահ եղիր։

− Եվ անպատճառ վկայականը պատրաստել կուտաս։

− Եթե կարելի ըլլա…

− Պետք է որ բոլոր ջանքդ թափես։

− Կխոստանամ, սիրելիս։