Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Ալ այդ անպիտան մարդու համար դրամ չտրվիր,− գոչեց տիկին Նվարդ։

− Ճանըմ,− միջամտեց Մարգար էֆ,− ես բնավ չեմ կրնար կոր այս գործին մեջեն ելլել… խնդիրը մեր Սաթենին սպասուհիին վրա է, դուք ինչո՞ւ կստիպվիք կոր գործին մեջ մտնելու, տիկին Նվարդին մորաքույրը ի՞նչ գործ ունի ասոր մեջ։

− Մարգար էֆենտի,− գոչեց Նվարդ,− ձեզի բան մը ըսեմ, ձեր տիկինը բնավ հանցանք չունի, ամբողջ պատասխանատուն ես եմ… հիվանդանոց գրված մարդը՝ մորաքրոջս էրիկն է… ես եկա աղաչեցի տիկին Սաթենին, որ այս պզտիկ ծառայությունը ընե ինծի։

− Հապա նախկին սպասուհի Մարթա՞ն ով է,– հարցուց վաճառականը ապշահար։

− Անանկ կին չկա մեջտեղը, Մարթա հանըմը իմ մորաքույրս է, հիմա հասկցա՞ք։

− Հոս մեր թա՞ղը կբնակի։

− Չէ՜, Խաս գեղ կնստի․․․

− Խաս գե՞ղ,− գոչեց Մարգար էֆ. այլայլած,− ուրեմն մենք ծայրե ծայր կեղծ վկայական մը տվեր ենք…

− Ճիշտ հոս է խնդրին ծանրությանը,– դիտել տվավ Միհրանիկ էֆ։

− Ամա՜ն, մերաքս ելավ, քիչ մըն ալ ուրիշ խոսք ըրեք,− ըսավ տիկին Սաթեն։

− Ուրիշ խո՞սք մի,– պոռաց վաճառականը,− աս ի՞նչ զարմանալի բան է, չե՞ք ըմբռներ կոր թե ի՞նչ ծանրակշիռ բան մըն է եղածը…

− Ճանըմ, սխալեցանք, բան մը ըրինք, ալ երկար չեն ըներ…

− Սխալեցա՞ք բայց փորձանքը մենք պիտի կրենք։

− Փորձանքի ինչ կա,− պատասխանեց տիկին Նվարդ,− չըլլա նե ամսական մը կուտանք, լմնցավ գնաց խոսքերնին բեք-բեք փարայի կանցնի։

− Գործը մեջտեղ ելլե նե, ի՞նչ երեսով թաղին մեջ պիտի պտտինք, ինչպե՞ս խորհրդարան պիտի երթանք. մեր ընկերներուն ի՞նչ պատասխան պիտի տանք, երբ մենե բացատրության ուզեն, մեր հակառակորդներուն բերանը ինչպե՞ս պիտի գոցենք…

− Ո՞վ պիտի իմանա,– ըսավ տիկին Սաթեն,− կարծես ամեն