Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դյուցազնը, որուն քաջագործությունները թեև ծածկված մինչև այսօր, սակայն տիեզերքը կզարմացնեն արդեն։ Կպարպեմ այս գավաթը պարոն Վարդհոգյանի կենաց։

Պարպեց ու նստավ տեղը.- «Դիտմամբ ըրի, որ ինքն ալ ելլա բան մը խոսի»,- փսփսաց ականջիս։

Բաժակաճառին անմիջական արդյունքը եղավ սրճարանը գտնվող ուրիշ տասնի չափ հայերու մեր քով հավաքվիլը, թեև հաճախորդներուն մեծամասնությունը կշարունակեր նարտ խաղալ։

Վարդհոգյան զգաց, որ «ժողովուրդը» զինքը լսել կուզեր։ Կանգնեցավ, երկու ձեռքը սեղանին կռթնցուց, կամաց մը օրորվիլ սկսավ, խիթ ունեցողի մը ձևով, քիչ մը ջուր խմեց, քիթը խնջեց, ու վերջապես համր-համր, բառերը երկնցնելով, հավիտենապես լալկան շեշտով մը խոսիլ սկսավ.

- Սիրելի և անկեղծ ընկերնե՛ր, մենք վստահ ենք, որ քիշ ատենեն պիտի հասնինք մեր ցանկացած ազատության և մեր սիրելի հայրենիքը էրթանք։ Այս մասին արդեն խոսած եմ մի քանի բարձրաստիճան անձերու հետ, սիրելի՛ և՛ անկե՛ղծ ընկերներ։ Որ մենք հերոս, պետք է, որ այդ բանը ընենք, սիրելի և անկեղծ ընկերներ։ Ա՜խ, ափսո՜ս, որ այս բազուկները յոթը տարի անգործ մնացին։

Եվ Վարդհոգյան ցույց տվավ այն բազուկները, որոնք արդեն տեսած էի Ալեքսանդրիա, կայարանին մեջ։ Ապա շարունակեց։

- Սիրելի և անկեղծ ընկերնե՛ր, վնաս չունի, այդ կորսված ժամանակը շուտով կշահինք։ Այս բազուկները ձեզի նվիրված են, վստահ եղի՛ք, սիրելի և անկեղծ ընկերներ։

Նորեն բարձրացան Ալեքսանդրիայի մեջ տեսածս բազուկները։

- Կեցցե՜ պարոն Վարդհոգյան։

Եվ օղիները պարպվեցան։

Արտառոց ու ծիծաղաշարժ էր այս ամենը, սակայն, չեմ գիտեր ինչու, սրտի սեղմում մը զգացի դուրս ելած միջոցիս։ Պժգալի ու միանգամայն տխուր տպավորություն մը ըրած էր վրաս ամբողջ այդ «ներկայացումը»։