Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Վարդհոգյան բավական ժամանակ մնաց Գահիրե և մեկ կողմեն հայկական սրճարանը հերոսական ներկայացումներ տալով հանդերձ, մյուս կողմեն քառսուն ոսկիի չափ դրամ հավաքեց հարուստներեն՝ մուրացկանությամբ− «Որ մենք հերոս, պետք է ընենք այդ բանը» ըսելով։

Վարդհոգյան այն տեսակ տիպարներեն էր, որ իրեն հետ քանի մը անգամ ծանոթություն ընողը զզվանքով կհեռանար, ա՛յ մեյ մըն ալ հետը չտեսնվելու հաստատ մտադրությամբ, այնպես որ սրճարանին տերը պատշաճ դատած էր անուշությամբ ճամփու դնել զայն ըսելով.

− Ասկե ետքը ա՛լ չեմ կրնար սենյակ ու կերակուր տալ քեզի, գլխուդ ճարը նայե։

Այդ վերջնագրին՝ Վարդհոգյան պատասխանած էր հանդարտությամբ.

− Ուրեմն որ մենք հերոս, պետք է երթանք Ալեքսանդրիա։

Ու պայուսակը կապելով մեկնած էր այդ «հերոսամերժ» քաղաքեն։

Քիչ ատենեն ետքը, երբ Ալեքսանդրիայի հայերն ալ բավականեն ավելի ճանչցած ու ձանձրացած էին իրմե ու ամեն մարդ սկսած էր մասնավոր փութկոտությամբ մը փախուստ տալ ամեն անգամ, որ «հերոսը» կերևնար Մենշիեի հրապարակին վրա, Վարդհոգյան զգաց, թե ժամանակն է, «որ մենք հերոսը» պայուսակը կապե նորեն, ու մեկնեցավ դեպի Եվրոպա։

− Պետք է երթանք Եվրոպա,- կըսեր մեկնած օրը,− և տեսակցինք բարձրաստիճան անձերու հետ մեր ազգային փրկության մասին։

«Մեր ազգային փրկության մասին տեսակցիլ բարձրաստիճան անձերու հետ»–ը, ըստ Վարդհոգյանի, կնշանակեք երթալ ու իրեն համար դրամ մուրալ։ «Տեսակցություն»-ը 35−40 ոսկի բերավ իրեն։ Ուրախ էր Վարդհոգյան և Փարիզեն կգրեր իր ծանոթներուն. «Անկեղծ ընկերներ, մեծ քաջալերություն կգտնամ այստեղ և կհուսամ, որ ազգային փրկության օրը մեր հուսացածեն շուտ պիտի հասնի։ Եթե իմ լուսանկարներուս վաճառումեն մի շահ գոյ ցավ, խնդրեմ անմիջապես ղրկեցեք բոսթայով»։

Այս դրամը զինքը բավական ատեն ապրեցուց Եգիպտոսի մեջ՝