Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ուր վերադարձած էր։ Հետո ժամանակը եկավ նորեն «տեսակցելու բարձրաստիճան անձերու հետ»։ Այս անգամ սակայն քիչ մը հեռու պետք էր երթալ նոր որս գտնելու համար։

− Որ մենք հերոս, պետք է երթանք նաև մեր ռուսահայ անկեղծ ընկերներու մոտ։

Ու ահա Վարդհոգյան կմտնար շոգենավ։

Այդ առաքելությունը հուսացած արդյունքը չտվավ կարծեմ, որովհետև շուտ վերադարձավ։

− Ծո՛, կենե՞ մի եկար…

Այս անգամ այդ բառերով ընդունած էին զինքը, որ տարի ու կես առաջ օրերով պատրաստություն կտեսնեին արժանավայել ընդունելություն մը ընելու համար հայոց «անդրանիկ հերոս»-ին։ Խեղճ Վարդհոգյան, ինք ալ Արտաշեսի պես կրնար գոչել՝ «Ավա՜ղ, փառացս անցավորի»։

***

Վերջին անգամ, երեք ամիս կա, Ալեքսանդրիայի մեջ տեսա զինքը։ Փետուրները թափած էր բոլորովին։ Ամենեն լքված ու արհամարված՝ տրտում, տխուր կթափառեր փողոցները։ Հիմակ Հայաստանը փրկելու համար ծրագիրներ չուներ, ոչ ալ իր բազուկներուն ներբողը կկարդար։ Չէ՛, պարզապես դռնապանության կամ ծառայության պաշտոն մը կփնտռեր հացը ճարելու համար ու չէր գտնար։

Լմնցա՜ծ էր «որ մենք հերոս»-ը։

***

Եվ սակայն ահե՜ղ սպառնալիքի մը պես դեռ ականջիս կհնչեն Շերիֆ փաշա փողոցեն կայարան գացած միջոցնուս Վարդհոգյանի ըրած խոսքերը.

− …Բայց մեծը հրաշալի բան է, ճիշտ ինծի կնմանի։

Ուրեմն ափսո՜ս, ապագա սերունդն ալ իրեն Վարդհոգյանը պիտի ունենա…