Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ու կարողության համեմատ, բնականաբար առաջնություն մը տրվելով հեղափոխականներուն։ Կարպիս ուզած էր պատրաստ գտնվիլ ամեն պատահականության հանդեպ և ասոր համար պատշաճ դատած էր հեղափոխականի գույն մը տալ իր խոսքերուն, մորուքին ու գավազանին։ Խոսքերը կովկասյան հոլովումներ առած էին, մորուքը սրածայր եղած էր ու գավազանին կոթը կիսաբոլոր։ Իր հույսերը, որոնք վերջնականապես օր մը ինծի հայտնեց, չափազանց հավակնոտ չէին։ Կարծեմ Բաղեշի ապագա ազգային դրամատան փոխտնօրեն կամ Վանա լճին ապագա շոգենավային ընկերության գանձապահ ըլլալ կուզեր։ Ազդեցիկ դաշնակցական մը Կարպիսի անունը նշանակեր էր արդեն տետրակին մեջ և գործը մնացեր էր միայն բարենորոգմանց ծրագրին գործադրության։

− Ա՜խ, մեյ մը աս ծրագիրը ստորագրե՞ր Սուլթանը,− կհառաչեր Կարպիս այն տենդալից օրերուն մեջ, ուր ամբողջ Պոլսո հայությունը հարցական նշանի մը փոխված էր կարծես Ստորագրեց-ին վրա դրված։

− Ստորագրե՞ց…

− Ո՜հ, այո՜, ստորագրե՞ց,− այսինքն՝ կուսակալ եղա՞, կառավարիչ եղա՞, գայմադամ եղա՞, ոստիկանապետ եղա՞, դատավոր եղա՞, տեֆտերտար եղա՞, գանձապահ եղա՞, քննիչ եղա՞, դատախազ եղա՞, մեքթուպճի եղա՞, բան մը եղա՞։

Չէ՛, չստորագրեց, ավա՜ղ, ու օր մը բոլոր այդ հույսերը երիթացած թափթփեցան Պոլսո քարափներուն մոտ կեցած շոգենավներուն մեջ, որոնք փոխադրեցին զիրենք Բաղեշեն ու Վանեն ու Էրզրումեն շատ հեռու տեղվանք։ Կարպիս այդ ընդհանուր ափլափումին մեջ զինքը գտած էր Բանթելենիքի շոգենավերեն մեկուն մեջ ու նետված Բիրեյի քարափին վրա։

Հոն հանդիպեցա իրեն, առաջին անգամ Պոլսեն մեկնելես ի վեր։

− Բարև, Կարպի՛ս,− գոչեցի քովը մոտենալով։

Դողահար առաջացավ դեպի ինծի ու ականջս ի վար մրմնջեց պաղատագին ձայնով մը.

− Ամա՛ն, տունս կավրես կոր, Կարպիս մի գոչեր զիս․․․ Դաշույն է անունս։

Հետո տարավ զիս հայերու շրջանակեն հեռու, Փաշա Լիմանիի կողմը առանձին սրճարանի մը անկյունը, և երկու սուրճ ապսպրելե ետքը, ըսավ.