Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Տղայություն մի ըներ, նայե։ Գիտես որ ես ալ քիչ շատ հայրենասեր եմ ու ձեռքես եկածը չեմ խնայեր։ Շիտակը կըսեմ, հրացանը չեմ կրնար առնել ու կռվիլ, բայց կռվողներն ալ կհարգեմ, և երբ պետք ըլլա, կրցած օգնությունս կընեմ։

− Ես ալ անոր համար քեզի դիմեցի։

− Պատմե, նայինք, ուրեմն, ինտո՞ր ատ մարդը Ալեքսանդրիա ինկեր է։

− Զարմանալի՜ է ասոր պատմությունը։ Վանի կողմերը երեք հոգիով անցած տարի կռվեր է չորս օր երկու հարյուր զինվորի դեմ, հետո ութը հարյուր քյուրտ եկեր պաշարեր են զիրենք, տեսեր է, որ ճար չի կա, անցեր է Պարսկաստան։ Հոն ութ հոգիե նոր խումբ մը կազմեր ու նորեն հարձակեր է Մուշի կողմերը։ Նորեն օրերով պատերազմ։ Այս անգամ Երզնկայեն բանակ մը ղրկեր են իրեն դեմ․ գիշեր մը բանակին մեջեն անցնելով հաջողեր է փախչիլ ու Ռուսաստան անցնիլ։ Հոնկե նորեն 12 հոգինոց խումբով մը եկեր է Ալաշկերտի վրա հարձակելու։ Ռուս կառավարությունն իմացեր ու անմիջապես բանակ մը ղրկեր է զանոնք արգիլելու համար. մյուս կողմեն՝ թյուրքերը երկու հազարի չափ, եկեր են արշավանքը արգիլելու։ Այսպես խեղճը երկու սուրի մեջ մնացեր է ա ամիս մը անընդհատ կռվելե ետքր հաջողեր է ծպտյալ ինքզինք նետել Տրապիզոն ու հոնկե ֆրանսական շոգենավով մը փախչիլ։

− Ընկերները ո՞վ են եղեր։

− Անունները տվավ ամենուն ալ, գլխավորները՝ Վազգեն ու Արշակ կկոչվին։

− Վազգեն ու Արշա՜կ, ինքն ալ Միքո՜… ես ատ անունները տեղ մը կարդացի, կարծեմ «Դրոշակ»-ի վերջին թիվին մեջ։ Կեցիր նայիմ։

Ու ոտք ելավ, գնաց սրճարանին անկյունը դրված սեղանին վրա փնտռեց ա գտավ «Դրոշակ»-ի 31 մարտ 1899-ի թիվը և հաղթական վերադարձավ։

− Նա, քու հերոսը Գուրուպաշի նահատակներեն է, տարի մը առաջ մեռեր է։

Մյուսը առավ թերթը, երեք հերոսներուն պատկերը դիտեց, հետո կարդաց անոնց հիշատակին նվիրված հոդվածը։

− Ծո՛, վա՜յ, անօրեն, ըսել է ատ մարդը իս խաբեր է՝ Միքոն եմ ըսելով, վա՜յ խաբեբա, վա՜յ աներես․․․