Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/716

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու ահա կառքը կսկսեին պարպել… որովհետև Սերգիս աղա միշտ խոշոր, լեցուն կառքով մը կուգար։

Ագարակեն բերած նվերներն էին, սերկևիլ, նարինջ, խնձոր, տանձ, կաղին, ընկույզ, չամիչ, թուզ փեսթիլ, կարագ, չոր սեր, թարմ պանիր, հետո տեսակ-տեսակ անուշեղեններ, զորս կինը պատրաստած էր, ապուխտ, երշիկ, օղի, վերջապես ինչ որ կար ագարակին մեջ։

− Սերգի՛ս աղա, խենթացա՞ր, ինչ պիտի ընենք այսչափ բանը, ուր պիտի դնենք,− կաղաղակեին տանտիկինները տեսնելով այդ անվերջանալի ծրարները։

Սերգիս աղա խնդալով կպատասխաներ.

− Հոգ մի՛ ընեք, հոգ մի՛ ընեք, վաղը մյուս օր տղաքը բան մը չեն ձգեր։

Իրիկունը երբ տան էրիկմարդիկը կուգային՝ Սերգիս աղա արդեն գիշերանոցը հագած, վառարանին քով, օղիի ափսեին դիմաց «քեյֆ» կըներ։

Եվ բոլոր ընտանիքով, մեծ ու պզտիկ, կբոլորվեին շուրջը և ինք գոհ, անձընդյուր, կյանքով ու զվարթությամբ ուռեցած՝ կսկսեր խոսիլ, խնդալ, պատմել ագարակին ու իր քաղքին դրվագները զորս կհամեմեր կատակաբանություններով։ Սերգիս աղա չէր ուզեր, որ շուրջը տխուր դեմքեր տեսնե. ամեն մարդ պարտավոր էր, նույնիսկ բռնի կերպով, ծիծաղկոտ դիմակ մը անցնելու դեմքին, երբ իրեն քով գտնվեր։ Իր սովորական խոսքերեն մեկն էր հետևյալը.

− Խնդացե՛ք պե… ամենքս ալ պիտի մեռնինք օր մը, ինչ ուրախություն որ ընենք, քովերնիս կմնա։

Այս էր իր հավատո հանգանակը, իր իմաստասիրությունը։

Քաղաքականությամբ չէր զբաղեր բնավ։

− Թագավորին տուրք կուտանք կոր, որ այդ բաներուն հոգ տանի, մենք ալ սիրտ չհատցնենք պարապ տեղը, քեյֆերնիս նայինք,− կըսեր։

Ազգային խնդիրներու մասին ալ նույնը կմտածեր։

− Ատանկ բաները Պատրիարքին գիտնալիք բանն է, մեզի ի՞նչ որ միտք հոգնեցնենք, քեյֆերնիս նայինք․․․

Տխուր խոսքեր պետք չէր որ ըլլար իր քով։

− Գոցեցե՛ք, գոցեցե՛ք այդ խոսքերը ուրիշներուն պատահած