Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/717

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժբախտություններով մենք չտխրինք։ Աստված կբարկանա ետքը,− կգոչեր։

Ժողովողին խրատները կարծես իրեն նշանաբան ընտրած էր․

«Քու սրտեդ տրտմությունը վերցուր ու մարմինեդ չարությունը հեռացուր»։

«Հացդ ուրախությամբ կեր ու գինիդ ուրախ սրտով խմե»։

«Սիրած կնկանդ հետ կյանք վայելե քու ունայնության կենացդ բոլոր օրերուն մեջ»։

Եվ այսպես, անհոգ ու անկնճիռ, Սերգիս աղա ամեն տարի կուգար մեզի, իր անսպառ ու հաղորդիչ զվարթությամբը մեր տունն ալ շենցնելով մեկ երկու ամիս։ Իր ներկայությունը բոլորին կնսեմացներ, Համբարձում աղա որ գրեթե կհալեր, կջնջվեր անոր աոջև, տաք արևին ճաոագայթներուն ենթարկված սառույցի կտորի մը պես։

***

Տասնվեց տարեկան պատանի էի, երբ ձմեռ մը նորեն հյուր եկավ մեզի Սերգիս աղան։ Այդ տարին բացառիկ կերպով հաջող գացած էին իր գործերը, հրաշալի հունձք մը ըրած էր, մեծ աղջիկը նշաներ էր ռոտոսթոցի հարուստ աղաներեն մեկուն զավկին և ինքն ալ մանչ զավակ մը ունեցած էր, ութերորդը, որ քանի մը ամսե ի վեր ծներ էր։ Երբեք այնքան ուրախ տեսած չէինք զինքը։ Ամիս մը կար որ մեր տունը կգտնվեր և գալեն ի վեր ամեն օր կարծես տոնի մեջ էինք։ Ամեն առտու, անկողնեն ելլելուն պես, օրվան ժամանցի ծրագիրը կպատրաստեր− կառքով պտույտներ, թատրոն, երեկույթ, կրկես, և այլև։

Իզո՜ւր տնեցիները կըսեին․

− Սերգի՛ս աղա, ա՛լ այսօր տունը նստինք ու հանգստանանք։

− Չէ՛,− կգոչեր Սերգիս աղան անդրդվելի, անհակառակելի շեշտով մը.− ես հոս զբոսնելու եկած եմ և դուք ալ ինծի հետ պետք է որ զբոսնուք, երթալես ետքը ուզածնուդ չափ հանգստացեք։

Փետրվարի մեջն էինք և Միացյալ Ընկերություններուն մեծ պարահանդեսին օրը։ Որոշված էր, որ ամենքս ալ դիմակավորյալ պիտի երթայինք։ Առտվնե ի վեր Սերգիս աղա հագուստներ ու դիմակներ բերել տված էր Բերայի խանութներեն, զորս կփորձեինք