Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/721

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աղա,- աղեկ որ եկար, այս իրիկուն քեզ միասին պարահանդես պիտի տանինք։

Համբարձում աղա դեպի բազմոցը առաջանալով պատասխանեց ծանր ու տխուր ձայնով մը։

− Այսօր պարահանդեսի ժամանակ չէ, Սերգիս աղա… Սողոմոն իմաստուն կըսե որ ամեն բանին ժամանակը կա… լալու ժամանակ և կաքավելու ժամանակ… այսօր լալու և սուգ ընելու ժամանակ է ամենուս համար:

− Ի՞նչ կա, ի՞նչ եղավ,− հարցուց Սերգիս աղա այդ խոսքերեն դող ելած:

Համբարձում աղա նստավ Սերգիս աղային քով:

− Աշխարհի մեջ դժբախտությունն ալ մեզի համար է, երջանկությունն ալ,− շարունակեց,− երկուքն ալ Աստուծմե կուգան։

− Աստուծու սիրուն, ի՞նչ կա, Համբարձում աղա…

− Եղածը մեծ բան չէ, անկե ավելի մեծ դժբախտություններ կրնան պատահիլ մարդուս… այսօր եղբորմեդ նամակ առինք, խեղճ նորածին մանչդ, Աստված քեզի օրեր տա, մեռեր է…

Այս խոսքերուն վրա ամենքս ապշած իրարու նայեցինք, արդյոք սխա՞լ հասկցած էր… մեծ մայրս ուզեց միջամտել, բայց Համբարձում աղա մատին ծայրը շրթներուն տանելով լռություն պատվիրեց:

− Վա՜խ զավակս, վա՜խ զավակս,− հեծեց Սերգիս աղա գլուխը օրորելով։

− Սերգիս աղա, Աստուծմե եկած ամեն հարված պետք է համակերպությամբ ընդունենք. առաջ տարավ Համբարձում աղա, մեռնողը նորածին մանչդ չէ, այլ խեղճ Սաթենիկդ…

Սաթենիկ յոթերորդ զավակն էր, հինգ տարեկան։

Սերգիս աղային աչքերը լեցան։

− Սաթենի՜կս… վախ յավրուս, վա՜խ հոգիս…

Եվ լռիկ հեծկլտաց։

Մենք, որ մինչև այդ օրը իրեն ոչ թե հեծկլտալը, այլ նույնիսկ տխրիլը չէինք տեսած՝ սրտի տարօրինակ սեղմումով մը կդիտեինք այս ողորմ տեսարանը:

− Քա՛ջ եղիր, Սերգիս աղա,– շարունակեց անողոք Համբարձում աղան,– քա՛ջ եղիր, ամեն բան մեզի համար է այս աշխարհիս երեսը, մեռնողը Սաթենիկը չէ… շիտակը ըսե՞մ, Հակոբիկդ է…

Հակոբի՜կ… իր յոթը տարեկան մանչ զավակը: