Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/722

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերգիս աղա այս անգամ բարձրագոչ աղաղակ մը փրցուց.

− Հակոբի՜կս…

Եվ սկսավ հեծաձայն կոծ մը, որ իր շնչառությունը կխանգարեր:

Վազեցինք ջուր, լեմոն և զանազան հոտեր բերելու։

Երբ քիչ մը ինքզինքը գտավ, Համբարձում աղա կրկին խոսք առավ.

− Հիմակ որ քիչ մը հանդարտեցար կրնաս իս մտիկ ընել: Սերգիս աղա, ույժդ վրադ ժողովե՛, կամք Տեառն օրհնյալ եղիցի… Մեռնողը Զարուհիդ է…

Զարուհի հինգերորդ զավակն էր, հազիվ տասնըմեկ տարեկան։

Այս անգամ խեղճ մարդը տղու մը պես սկսավ լալ, երեսը թաշկինակի մեջ ծածկած:

Համբարձում աղա գավաթին մեջ քիչ մը վարդեջուր կաթեցուց և Սերգիս աղային տալով՝ ըսավ.

− Խմե քիչ մը, այդպես լալով Աստծու դեմ կմեղանչես՝ եթե Զարուհիին համար այսպես կուլաս կոր, հապա ի՞նչ պիտի ընես, երբոր ըսեմ որ մեռնողը Վահանն է…

− Վահա՞նը…

− Ափսո՜ս այո՛, խե՜ղճ Վահանը, մեկենիմեկ− ութը օրվան մեջ. Աստված քեզի օրերը տա, Սերգիս աղա, Աստված մյուս զավակներդ պահե։

Վահան տասնհինգ տարեկան էր, կայտառ աշխույժ պատանի մը և իր հորը երկու աչքին լույսը։

Սերգիս աղա ոտքի ելավ լալագին ու սկսավ շուռ գալ սենյակին մեջ ձեռքերը գլխին զարնելով։

− Վահա՜ն, սիրելի զավակս, վա՜խ, վա՜խ, վա՜խ… Այս ինչ փորձանք էր գլխիս եկավ…

Ու ջախջախված, ինքնակորույս ինկավ թիկնաթոռի մը վրա, Վահա՜ն, Վահա՜ն մրմնջալով։ Հարվածը սաստիկ էր. Սերգիս աղա ընդերկար լացավ համր, անխոսուկ, ուսերը շարժելով։

Պահ մը արցունքով ողողուն գլուխը վեր առավ, և ապա երեսը սրբեց և ըսավ Համբարձում աղային.

− Եղբորս գրած նամակը տո՜ւր կարդամ։

− Նախ սըկե խմե քիչ մը։

Եվ Համբարձում աղա իրեն երկնցուց վարդեջրով խառնված