Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որովհետև Գարեգին իր դժվարահաղորդ բնավորությամբը դյուրավ մտերմություն չէր հաստատեր իր ծանոթներուն հետ։

Վարժարանեն ելլելեն ետքն ալ իրարու անբաժան ընկերներ մնացեր էին։ Հետո Սերգիս անգլիական առևտրական տան մը մեջ մտած էր և այդ տան կողմե հետզհետե ղրկված էր Տրապիզոն, Սելանիկ և Պեյրութ, ի վերջո Իզմիր, ուր հաստատված էր երկու տարիե ի վեր։

Իզմիր երթալեն առաջ ամսի մը չափ մնացեր էր Պոլիս և անկե ի վեր Գարեգինը զինքը տեսած չէր։

Սերգիս եռանդուն, անձնվեր, բարի և քիչ մը մեծախոս երիտասարդ մըն էր, դյուրահաղորդ և զվարճասեր։

Երբ գացին բազմեցան գարեջրատան մը սեղանին առջև, Սերգիսի աոաջին գործը եղավ իր ընկերոջ վիճակին մասին տեղեկություններ հարցնել։

Գարեգին մի առ մի ըրավ Սաթենիկի և իր պատմությունը, Ղուկաս էֆենտիի և Քերովբե էֆենտիի ընթացքը ևս. վերջապես իր երկու շաբաթվան արկածները։

Սերգիս շատ հուզվեցավ իր բարեկամին գլուխն եկած դժբախտությունները լսելով.

− Ծո, վա՜յ շունշանորդի, այդ ինչ գազան մարդ է եղեր Ղուկաս էֆենտի ըսածդ,− գոչեց բռունցքը սեղանի մարմարին զարնելով ու գավաթները դողդողացնելով։

− Բայց,− ըսավ Գարեգին վճռաբար,− ինքզինքս պարտված չպիտի համարեմ և կրցածիս չափ պիտի կռվիմ հետը։

− Անշուշտ,− պատասխանեց Սերգիս,− խերը անիծելու է այդ գարշելի արարածին, և եթե ասոր համար մեկու մը պետք ունենաս՝ ես պատրաստ եմ ձեռքես եկածը ընելու։

− Շնորհակալ եմ,− ըսավ Գարեգին,− որ գիտեր, թե իր ընկերոջ խոսքերը պարապ խոսքեր չէին և թե կրնար իրավցնե հույս դնել անոր անձնվիրության վրա։

− Նախ աշխատինք, որ գործ մը գտնես սակայն,− առաջ տարավ Գարեգին ընկերոջը,− ամենեն կարևորը այդ է… իսկ գալով Ղուկաս էֆենտիին, կմտածենք, թե ինչ կրնանք ընել այդ մարդուն հախեն գալու համար։

Երկու բարեկամները երկարորեն տեսակցելեն ետքը միասին ճամփա ելան և ուղղվեցան Բերա։

− Ո՞ր կողմ կբնակիս,− հարցուց Գարեգին իր ընկերոջը։