յայտնեցին, թե որոշած են մեզ պահել, եթէ նոյնիսկ գիւղը զոհ երթայ: Մեզի համար դժուար էր այդ պայմաններու մէջ իրենց հիւրընկալութիւնը ընդունիլ, բայց պահուելու տեղ չունէինք, հիւանդ էի և անկարող գրեթէ շարժուելու. ընդունեցայ իրենց առաջարկը: Ձիերը արձակեցինք և վերջին անգամ ըլլալով համբուրեցի Պէքասին աչքերը: Զիս շատ անգամներ թշնամին հետապդնումէն ազատած էր, ծանր էր հրաժեշտ տալ իրեն, բայց անկարելի էր այլևս ձիերը պահել: Համբուրուեցանք նաև այն ընկերներուն հետ, որոնք գոհ չէին փախստականի կեանքէն և կուզէին գիւղերը վերադառնալ, և այսպիսով բաժնուեցանք իրարմէ:
Երեկոյին էշ մը բերին և վրան նստեցուցին զիս. երկու քովերէս կը քալէին Հայկը և Բաշուկը, որ 18 և 17 տարեկան պատանիներ էին. կէս ժամուայ ճամբան գնացինք հինգ ժամէն և հասանք Չաթալ Ուլախի քարայրը: Ներս մտան նայեցան, որ թաց է. ցրթենիներ վառեցին, որ չորնայ և ամեն ինչ պատրաստելէ ետքը զիս մտցուցին քարայրը և պառկեցուցին. ինչ որ ունէին, ծածկեցին վրաս, կրակ վառեցին, և հանգստացանք. պահակ կեցած էր հիւսիսային կողմը քարին վրայ: Դժուար էր քարայրը մտնել ելնելը. եթէ սայթաքէին, կրնային թաւալ գլոր իյնալ և կոտրտուիլ:
Երկրորդ օրը եկան Մկրտիչը և եղբայրս. քաղաէն բերեր էին իրենց հետ սննդարար ուտելիքներ, դեղեր և դրամ: Մկրտիչին ըսածներուն նայելով` կառավաութիւնը համոզում գոյացուցեր էր, որ մենք մեկնած ենք Սվազի վիլայէթէն և հետապնդումը դադրած էր:
Այս լուրը մեզ բաւական հանգստացուց, սակայն Եղօն կրկին վէճի բռնուեցաւ ինձի հետ և պնդեց, որ եղբայրս հեռացնեմ ինձմէ: Երկպառակութիւն յառաջ չի բերելու համար` եղբայրս և եղբօրս տղան ինքնաբերաբար Մկրտիչին հետ մեկնեցան և գացին Կառվայ: Գիւղը ոստիկաններով պաշարուած էր. եղբայրս և եղբօրորդիս կը փախին կերթան Կովտունի մօտերը: Անօթութիւնը զիրենք կը ստիպէ դուրս ելնել իրենց թագըստոցէն. հաց ուզելու համար մարդ կը ղրկեն գիւղ, կը մատնուին և կը ձերբակալուին:
Հետևեալ օրը տեսանք, որ մազանցի գըզըլպաշ մը եկաւ մեր քարայրն մուտքին առաջ և տեսաւ մեզ. Զատիկը աւազակ ձևանալով գնաց դիմաւորեց և պատուիրեց, որ ոչինչ ըսէ: Գըզըլպաշը խոստացաւ նոյն իսկ հաց բերել ու մեկնեցաւ, բայց մենք` կասկածելով` երեկոյեան իսկ մեկնեցանք մեր թագստոցէն և գացինք Խանձարի գոմերը: Այս տեղափոխութիւնը կատարեցինք դժուարաւ, տաժանելիօրէն:
Խանձարի գոմերուն մէջ ընթրեցինք: Ժողովուրդը սարսափի մէջ էր