Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ (ՔՆԱՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ)

Առանձնացնելով էպոսը, դրաման եւ քնարերգությունը՝ Արիստոտելը նկատում է, որ «դրանք բոլորն էլ, ընդհանրապես վերցրած, վերարտադրություններ են» 29։ Սակայն, ըստ նրա, կոնկրետ տարբերակումների ընթացքում պետք է հաշվի առնել արտացոլման միջոցը, առարկան, եղանակը։ Այս տեսանկյունից քնարերգությունը կտրուկ տարբերվում է մյուսներից։ Այդ տարբերությունը նախ եւ առաջ պայմանավորված է նրա համադրական գործառությամբ՝ չափական պատկերավոր խոսք, որ ուղեկցվում է երաժշտությամբ։ Այստեղից էլ հունարեն հասկացությունը, որ նշանակում է ասել, արտասանել քնար երաժշտական գործիքի ուղեկցությամբ։ Հայ գրականության մեջ «քնարերգություն» տերմինից առաջ սկսած XII դարից օգտագործվել է «տաղերգությունը»։ Ներսես Շնորհալու հիշատակին նվիրված «Գալուստ ներբողականում» Ներսես Լամբրոնացին գրել է.

Շարականաց կարգ աճեցնէր,
Տաղերգութիւնս ի հաճ աոնէր,
Քաղցր ձայնւք անջըրպետէր
Որ երաժիշտ սուրբ հոգւոյն էր։

Ուրեմն, վաղ շրջաններում «քնարերգություն» ըմբռնման մեջ չափական խոսքից բացի կարեւորվում էր նաեւ երաժշտությունը։ Հետագայում պոեզիայի գիտակցության այս երկու շերտերը առանձնանում են, հանդես են գալիս ինքնանկախ։ Այս փոխհարաբերության մասին մենք արդեն խոսել ենք «Գրականությունը եւ արվեստի մյուս տեսակները» գլխում։ Բովանդակային ընդհանուր պլանով բանաստեղծությունը պոետի՝ իրականության հանգամանքների հետ կապված անձնական խոր ապրումների մարմնավորում է, բանաստեղծի՝ օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ արձագանքը։ Հեգելն իր «էսթետիկայում» նկատել է, որ բանաստեղծության հիմքում քնարական սուբյեկտի ներկայությունը պարտադիր է, թեեւ նրա «ես»–ը նաեւ հասարակական նշանակություն ունի։ Հատկանշական է Արիստոտելի հետեւյալ բնորոշումը. «Պոետը պատմաբանից տարբերվում է նրանով, որ մեկը պատմում է իրապես կատարվածի, իսկ մյուսը՝ ամեն հնարավորի մասին։ Քանի որ պոետի խնդիրն է խոսել ոչ թե իրապես եղածի, այլ այն բանի մասին, ինչ կարող է լինել, այսինքն՝ հնարավորը ըստ հնարպվորության կամ անհրաժեշտության» ³°։ Զարգացնելով իր միտքը քնարական