Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
5. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մարդու կյանքը, բնության ու հասարակական երեւույթները, այդպես էլ այս ամենը արտացոլող գեղարվեստական ստեղծագործության ներքին կյանքը դուրս չէ ժամանակից եւ տարածությունից։ Փիլիսոփայական այս կատեգորիաների ուսումնասիրությունը XX դարի հումանիտար գիտության նվաճումներից է, որ դեռ կարիք ունի մեթոդական նոր մոտեցումների ու ճշտումների։ Խոսել գեղարվեստական գրականության ձեւաբովանդակային հատկանիշների մասին ու չանդրադառնալ այն հարցին, թե փիլիսոփայական ինչ չափումների մեջ են դրսեւորվում վերջիններս, նշանակում է արվեստը, գրականությունը դիտել կյանքի հարատեւ շարժումից դուրս։Գրականությունը կենդանի իրականության գեղարվեստական արտացոլումը լինելով հանդերձ, նույնությամբ չի կրկնում այն, այլ հանդես է գալիս իբրեւ վերջինիս պայմանական կերպը, նրա «գեղարվեստական հաշվետվությունը», որի մեջ սեղմված են ժամանակը եւ տարածությունը, իսկ դա նշանակում է, որ փիլիսոփայական այս կատեգորիաները նրանում այլ տեսք ունեն, այլ դրսեւորումներ են տալիս։ Գեղարվեստական գրականությունն իր գիտակցության մեջ հիշապահելով պատմական ժամանակն ու տարածությունը, ձեւային հատկանիշների համակարգում պատմականորեն վերակառուցում է դրանք՝ շրջանցելով վերջիններիս փիլիսոփայական գոյաձեւերի ընդունված պահանջները։ Ամեն ինչ իր մեջ ներառող խրոնոտոպը գեղարվեստական խաղի օրենքներով փոխում է իր դրսեւորման եւ գործառնության ձեւերը՝ դառնալով ստեղծագործական մեթոդի, ժանրի, կոմպոզիցիայի, բանաստեղծական չափի ու ռիթմի, սյուժեի ժամանակ եւ տարածություն։ Ինչպես կյանքում, այնպես էլ գրականության ու արվեստի մեջ ժամանակը նաեւ անդառնալիորեն անձնավորում է, դառնալով մարդու, գրականության մեջ՝ հերոսի, ժամանակը ճակատագրի գոյակերպը։ Նույնը տեղի է ունենում գրական երկը ընթերցողի հետ։ Գրական երկի մեջ սեղմված ժամանակը, որ նույն գեղարվեստական ժամանակն է, փոխանցվում է ընթերցողին դառնալով նրա կյանքի իրական ժամանակի մի պահը։ Դասական գրականության մեջ գեղարվեստական ժամանակը հերոսներին անընդհատ մոտեցնում է իրենց կյանքի ավարտին։ Հերոսը, ինչպես ինքը՝ իրական մարդը, այս «անտեսանելի հրեշի» ճիրանների մեջ է։ «Վարդանանքում» Դ.Դեմիրճյանն իր հերոսներին հենց այդպես էլ ներկայացնում է.