Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ

գրականությանը, «Հիսաթափվածի վեճը իր հոգու հետ» երկն է, որ հետագայում լայն տարածում է գտնում Արեւելքի ժողովուրդների գրականության մեջ։ Ընդհանուր բովանդակությունը մարդու հիասթափությունն է կյանքից։ Մարդու համար իրական աշխարհը անտանելի է իր դառնություններով ու անարդարություններով, ուստի նրա փրկության միակ ճանապարհը մահն է։ Մահն է փրկարար երջանկությունը, քանի որ այն մարդուն հնարավորություն է տալիս ապրելու անդրաշխարհի կարգավորված կյանքում։ Մարդկային աշխարհը կարգավորված տեսնելու խնդիրն էլ հենց դառնում է այդ գրականության հիմնարար գաղափարը։ Քննության առնվող գրականությունը իր բնույթով բարոյախրատական է։ Այդպիսիք են Պտախխոտեպի «Իմաստասիրությունները», Ամենեմհատ I «Խրատները» ուղղված իր որդուն։ Կան, իհարկե, նաեւ զուտ դիցաբանական բնույթի թղթեր, որպիսին է ասենք «Պատմություններ ոգիների մասին» գիրքը, նաեւ «Սիրային երգերը»՝ իրենց սյուժետավորված արկածային պատմություններով, որոնք հետագայում իրացման առումով հիմք են դառնում այնպիսի հանրահայտ գրական հուշարձանների, որպիսիք են «Հազար ու մի գիշերները», «Դեկամերոնը»։

Հնագույն շրջանի գրականության պատմության մեջ մեծ ներդրում են ունեցել նաեւ Միջագետքի մյուս ժողովուրդները (շումերներ, աքքադացիներ, խեթեր, խորիտներ)։

Եգիպտականին զուգընթաց այս ժողովուրդների գրականությունը, որ սկիզբ էր առել IV հազարամյակին, ունենալով շատ ընդհանրություններ՝ հորիզոնական կտրվածքով, նաեւ ձեռք էր բերել իր «տեղայնական նշանները»։ Նրանցում կրկին, գերակշռողը հիմներգություններն են՝ նվիրված աստվածներին, նշանակալից ճարտարապետական կառույցներին, պատմական անձանց։ Պահպանվել է շուրջ 150 գրավոր աղբյուր՝ ժանրային ու բովանդակային տարբեր դրսեւորումներով (աղոթքներ, միֆեր, հիմներ, էպիկական պատմություններ, սիրո,հարսանեկան, մահվան ու թաղման ողբեր եւ այլն)։ Գրականության այս խայտաբղետ ժանրերի դասակարգումը գիտության մեջ որոշակի դժվարություններ են ներկայացնում գործառական անզուսպ ներթափանցումների պատճառով։

Ասորական թեւը եւ ընդհանրապես նրանց ողջ մշակույթը, որ իր ծաղկմանն էր հասել մ.թ. III դարում, պարսկաբյուզանդական գրականության նուրբ համադրության արգասիք է։ Երկկողմյան ազդեցությունները այնքան զգալի են եղել, որ այս գրականությունը հնարավորություն չի ունեցել վերջնականապես ձեւավորել սեփական ազգային դիմագիծը։ Ասորական եւ համաշխարհային գրականության մեջ կարեւոր դեմքերն են Բարդեսան, 36