Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

նախոսությունը դառնում է հեղինակի արտաքին մենախոսությունը․ դրանով էլ հենց բնորոշվում է վեպը որպես ժանր»81։ Իր «բացությամբ» հեղինակի կերպարը երեւում է հատկապես հերոսների երկխոսությունների ու մենախոսությունների մեջ՝ իբրեւ համակրանք, գնահատական։ ժամանակ առ ժամանակ հերոսների երկխոսության մեջ թափանցող (միջամտող) հեղինակային խոսքը, վիճակի բնութագրերը տալուց բացի, հետապնդում է եւս մի ուրիշ նպատակ։ Երկխոսության ընթացքում հերոսները հաճախ վիճակի նկատմամբ ունեցած իրենց խորքային ապրումները թաքցնում են խոսակցից (նաեւ ընթերցողներից)։ Նման դեպքերում կկորչեր հերոսների ներքին ձայնը, հուզական ռեակցիան, հոգեբանության խորքային տարողությունը, եթե հեղինակը չմիջամտեր, չարտահայտեր այն բաց տեքստի մեջ՝ հուշելով ընթերցողին։ Այս ամենը հեղինակը ներկայացնում է հերոսի հոգեվերլուծության ճանապարհով, միաժամանակ բացելով իր՝ հեղինակային վերաբերմունքը։ «Պատմողի կերպարը պատումի մեջ,– գրել է Վ.Վինոգրադովը,– դնում է իր էքսպրեսիայի, արտիստիզմի կնիքը»82։ Վիպական դեպքերի տարաբնույթ եղելությունների ոլորտում հեղինակը հանդես է գալիս իբրեւ հերոսների գործողությունների կազմակերպիչ։ Պատմողը խաղում է բոլորի դերերը՝ կրելով տարբեր դիմակներ։ Վիպական ժանրերում պատումի ընդհանուր շղթայի մեջ հատուկ նշանակություն է ձեռք բերում «ուրիշի պաշտոնական խոսքը», որ ներկայացվում է պաշտոնական հրահանգի կամ նամակի ձեւով։ Հայ պատմավեպերը այդպիսի օրինակներ շատ են տալիս։ Առավել լավ օրինակ է Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը, ուր առատորեն օգտագործվում է նամակագրական խոսքը։ Հիշենք ժյուլի Կարագինայի նամակը իշխանադուստր Մարիային, իշխան Բագրատիոնի նամակը Ալեքսեյ Անդրեեւին, Սոնյայի նամակը Նիկոլայ Ռոստովին, Բրետյենի նամակը կայսրին, վերջապես՝ Ալեքսանդր կայսրի նամակը Նապոլեոնին եւ այլն։ Սրանք խոսքի էպիզոդիկ նմուշներ չեն, վճռական նշանակություն ունեն վիպական աշխարհի գիտակցության ոլորտները ընդլայնելու գործում։ «Վարդանանքում» Հագկերտի նամակը ոչ միայն նախադրության դերում է, այլեւ հանդես է բերվում իբրեւ դեպքերի շարժիչ ուժ։ Այս պաշտոնական, «վավերագրական նշանակություն ունեցող փաստաթղթերը» ունեն իրենց լեզվաոճական կառուցվածքային յուրահատկությունը, որի հետ գրողը չի կարող հաշվի չնստել։ Անդրադառնալով գեղարվեստական պատումի մեջ «պաշտոնական խոսքի» (նամակ, վարչական հրահանգներ, հոգեւոր կոնդակներ, այլ բնույթի գրություններ) օգտագործմանը, Մ.Բախտինը ընդգծում է նրանց «ծառայողական նշանակությունը», հատուկ կարեւորություն տալով վերջիններիս ոճական յուրա

172