Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրողի ստեղծագործական նպատակը։ Ընդհանրապես իդեալը յուրաքանչյուր մարդու պատկերացումն է կատարյալի մասին։ Իսկ կատարյալը, ինչպես գեղեցիկը, իր մեջ ունի հարաբերականության պահ։ Իդեալի ըմբռնման անվերջությունը պայմանավորված է նրա խորքային հակասությամբ՝ մի կողմից իրականության արտացոլման սուբյեկտիվ մոտեցումը, մյուս կողմից այդ նույն իրականության օբյեկտիվ գոյությունը։ Գեղագիտական իդեալի տեսությունն իր պատմությունն ունի։ Ըստ Պլատոնի իդեալը մտքով իրերի էությունը տեսնելն է։ Արիստոտելի «Պոետիկաում» իդեալի մեկնության ելակետը հանգեցվում է իրականության արտացոլման տեսությանը։ «Մարդկանց կարելի է ներկայացնել կամ վատ, կամ լավ, կամ այնպես ինչպես որ մենք ենք»9։ Խոսելով նկարիչ Պոլիգնոտեսի մասին, Արիստոտելը գրում է. «Նկարում է ամենալավ մարդկանց, Պավսոնը՝ ամենավատերին, Դիոնիսիոսը՝ մեզ նմաններին»10։ Նրա պատկերացմամբ իդեալը անմիջապես կապված, պայմանավորված է արտացոլման առարկայով՝ լավագույն, վատագույն, սովորական։ Սակայն, թե ինչպես է պատկերացնում այս չափանիշները, նա այդ մասին չի խոսում։ Գեղագիտական իդեալի մասին Արիստոտելը այսպիսի մի ուշագրավ միտք է արտահայտում։ Ըստ նրա արվեստի գերխնդիրը առարկայի «լավ ընդօրինակությունն է», քանի որ «լավ ընդօրինակությունը ընդհանուր բավականություն է պատճառում»11։ Ինչպես տեսնում ենք, իդեալի գաղափարը կապում է գեղագիտական հաճույքի հետ։ «Ինչին մենք իրականության մեջ զզվանքով ենք նայում, - գրում է նա, - վերջինիս ճիշտ ընդօրինակությունը մեր մեջ ուրախություն է առաջ բերում»12։ Մնացած դեպքերում իդեալի, գեղեցիկի խնդիրը նա կապում է գրականության եւ արվեստի գործերի արտացոլման բանարվեստային (պոետիկական) հատկանիշների հետ։ Նրանք պետք է «Գրված լինեն արվեստի բոլոր կանոնների համաձայն»13։ Ըստ նրա այդ կանոնների եւ պահանջների մեջ մտնում են «բնականությունը», «ներդաշնակությունը», «համամասնությունը», «լեզվի պարզությունը, բայց ոչ պարզունակությունը», «հարուստ կյանքով եւ շարժումներով լի ֆաբուլա», «պատշաճ անցքեր», «իրերի արտացոլման կարգավորություն»։ Ավելացնում է. «Կարեւորը ոչ միայն մասերի դասավորությունը, համամասնությունն է, այլեւ մասերը պետք է հարակցված լինեն այնպես, որ նրանցից որեւէ մեկի տեղափոխման կամ բացառման դեպքում փոփոխվի նաեւ ինքը ամբողջը»14։ Միջնադարյան մետաֆիզիկական փիլիսոփայության մեջ իդեալը անջատվում էր իրականությունից, իդեալը բացարձակ հասկացողություն է, ինչը գալիս էր Պլատոնից։ Վերածնության շրջանում արվեստի եւ գրականության մեջ գեղագիտական իդեալը հողեղեն տեսք ունի, իդեալը ինքը՝