Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ | ման ուժեղացմանը, պայմանական միջոցներիների կիրառման ակտիվացմանը, այսինքն՝ գեղագիտական միջոցների վերանայմանը, որն ինքնին գեղագիտական իղեալի խնդիր է։ Գրողը հաշվի է առնում այն հանգամանքը, որ «անմշակ», տեղեկատվական փաստերի անհարկի հագեցվածությունը ազդում է գրական երկի գեղարվեստականության վրա, զրկում ընթերցողին գեղագիտական հաճույք ստանալուց։ Գրողը այդ պատճառով էլ աշխատում է գրական երկը բեռնաթափել այդ բնույթի տեղեկատվական շերտերից՝ ներծծել դրանք գեղարվեստական պատկերի վերացարկիչ ոլորտների մեջ։ Այստեղ կարեւորվում է «ենթատեքստային տարածության խնդիրը»։ Այդ «ազատ» տարածությունը ստեղծելու կարողությունը նույնպես գեղագիտական իդեալի խնդիր է։ Գրողը, արվեստագետը ամեն ինչ չէ, որ պիտի գրանցի, նա պարտավոր է «տեղ թողնել» ընթերցողի երեւակայության համար։ Գեղագիտական իդեալի հատկանշային կողմերից մեկն էլ գրական երկի մեջ ազգային գենետիկական կոդի ներկայությունն է, որին մենք կանդրադառնանք առանձին։

6. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ

Խնդիրը մշակութաբանական բնույթի է, ուստի միայն գեղարվեստական գրականության փորձի վրա հիմնվելը կարող է հանգեցնել միակողմանիության։ Գրականագիտական, արվեստաբանական աշխատություններում, գրականության տեսության ձեռնարկներում հաճախ ենք հանդիպում մշակութաբանական սեղմ ընդհանրացումների, որոնք մեզ համար դառնում են աքսիոմատիկ ճշմարտություններ ու այլեւս չենք փորձում մտածել դրանց հիմնավորվածության մասին։ Այդպիսին է նաեւ այն միտքը, թե գրականությունը, արվեստը որքան ազգային, այնքան համամարդկային է։ Սեղմ ու հեշտ է ասված, բայց որքան դժվար է խորանալ երեւույթի համապարփակ տիրույթների մեջ, որոնք որքան սահմանագծված, նույնքան փոխներթափանցված են։ Խնդրի բարդույթին ուղղված առաջին իսկ մտասեւեռումը դեմ է առնում մասի եւ ամբողջի փիլիսոփայական հետեւությանը, որն իր վերացարկվածության մեջ անժխտելի է, հատկապես երբ այն վերաբերում է ֆիզիկական երեւույթների փոխկապվածության, մաթեմատիկական գումարելիների համարժեքմանը։ Երեւույթը մի այլ կերպ է դրսեւորվում մարդու 28