Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայնացման վրա։ Գաղտնիքը հենց սրա մեջ է։ Աբովյանի վեպում արևելյան եւ արևմտյան ձևերի դրսևորումները պարզ երևում են, գաղտնիքը մինչդեռ նրանց բովանդակայնացման ճանապարհով համադրելու մեջ է։ Այս կարծիքի մեջ, սակայն, արվեստի խնդիրներին խորաթափանց Դեմիրճյանը ընդհուպ մոտենում է բարդույթին. «Իբրեւ եվրոպական ռոման, Աբովյանի այս երկը շատ է ծանրաբեռնված լիրիկական տարրերով, իսկ իբրև արևելյան վիպասանություն, ընդհակառակը՝ նույնքան ծանրաբեռնված է դիդակտիկական լուսավորական խնդիրների լուսաբանությաններով։ Մեկի շեղումը մյուսի հիմնական տարրն է, իբրև ժանրային սպեցիֆիկում» ³4։ Ինչպես երևում է. խնդիրը լայն պլանով շատ է հետաքրքրել Դեմիրճյանին։ Նա փորձել է երևույթը դիտել նաև երաժշտության ոլորտումՊ։ «Կոնսերվատորիայի առաջին կոնցերտի առիթով» հոդվածամ նա այն կարծիքն է հայտնում, որ հայ ազգային օպերայի մելոսը պետք է հենվի արևելյանի վրա, կառուցվածքը՝ արևմտյանի։ Կտրուկ բացարձակացումը կրկին ակնառու է։ Մելոսի մեջ նա միայն բովանդակային հատկանիշ է տեսնում, որ ընդունելի էր, ինչը և ինքը զգում է իբրեւ դժվար լուծելի խնդիր. «Եվրոպայի և Արևելյանի ընդդիմացումը, որով և դառնում է միանգամայն պրոբլեմատիկ՝ «Արևելյան» եւ «Արևմտյան» ուղղություններ։ Սա թողնում ենք մասնագետներին եւ ժամանակներին»³5։ Իսկ գնալով ժամանակն ավելի է նրբացնում խնդիրը։ Նկատենք, որ այս զուգահեռներին անդրադառնալիս Դեմիրճյանը ընտրում է այնպիսի արվեստագետների, որոնց գործերում մշակութային բևեռացումները պարզ երևում են, ասենք՝ Չուխաջյան (Արեւմուտք), Սպենդիարյան (Արեւելք)։ ճարտարապետության մեջ Հալաբյանի եվրոպական կոնստրուկտիվիզմը, որի մասին խոսում է նաև Դեմիրճյանը, այնուամենայնիվ, քննություն չբռնեց, չկար արվեստի հորիզոնական և ուղղահայաց չափումների սինթեզը, որ կայացել էր Թամանյանի ստեղծագործությունների մեջ։ Նույն մեթոդն ունի Կոմիտասը։ Հայկական ազգային մելոսը իր մեջ ունի արեւելյանի եւ արեւմտյանի համադրությունը։ Կոմիտասը իր մշակումներում խմբագրում էր ոչ թե խորքային արևելյանը, այլ արևելյանի ավելորդաբանությունը, որ հետագայում էր ներմուծվեց ժողովրդական երգարվեստի մեջ։ Ազգային արվեստի մեծերը մեծ են նաեւ այն բանի համար, որ կարողանում են հաղթահարել այս բեւեռացումները, գտնել սեփական աշխարհի գույների համադրման ազգային ձևը հաստատելով այն գաղափարը, որ ճշմարիտ ազգայինը նույնքան համամարդկային է։

                                                 48