Երբ պարզեցի տեսություններս՝ հենվելով իմ գտած փաստերու վրա, թե ինչպես արտաքին պատերու զուգահեռական ուղղությամբ ձգված էին ութ աղեղներ, որոնց մեկ–մեկ ծայրերը հանգչած էին մույթերու ետև գտնված արծվաքանդակ կրող սյուներու խոյակաց վրա, և մյուս ծայրերը իրենց հենակետ ունեցած էին միջին կիսաբոլորակ թևերու մեջտեղի երկու սյուները իրարու միացնող փոքր աղեղները, որով հնարավոր եղեր էր արտաքին պատերու զուգահեռական կլորությամբ խարիսխ մը ստեղծել ներքին խաչաձևի և արտաքին պատերու միջև գտնված շուրջանակի միջոցը ծածկելու սահմանված կամարին համար,և այսպիսով նաև միկախյալ հարկ կազմված էր բոլորովին անկախ մույթերու վրա հանգչող գմբեթեն։
Հազիվ վերջացած էր բացատրությունս, պ. Տեր-Սարգսյան շտապեց Ձեզ հայտնած կարծիքը ինձի ալ կրկնելու, թե միանգամայն գիտության անհամապատասխան է տված բացատրությունս և մինչև իսկ անկարելի։ Սակայն, երբ ես պնդեցի իմ համոզմանս վրա, պ. Տեր-Սարգսան ավելի սուր շեշտերով պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով. «Ինձի նայեցեք, պարոն, ես Պետերբուրգ եմ ուսել, արտասահման եմ եղել, գիտությունը չի ընդունի այդպես բան, չէ կարող լինել»։
Այս խոսքին մեջ անմիջապես զգացի այն սուր հեգնություններու արմատը, որ հետզհետե մեծանալով պիտի փոխվեր երկար ժամանակ կրած կարգ մը ստորացուցիչ պատվանուններուս։ Ուստի ես ալ վիրավորված պատասխանեցի. «Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք, թերևս ես ալ ունենամ Ձեզ պես պարծենալու առիթներ։ Բայց պահ մը ենթադրենք, որ ես ոչ ուսում ստացած եմ և ոչ ալ արտասահման տեսած։ Երբ տեղին վրա գոյություն ունին իրական փաստեր և ըսածներս ապացուցանող որոշ բեկորներ, ինչպե՞ս կարող եմ Ձեր ուզածին պես մտածել։ Ես ալ Ձեզ նման գուցե չհավատայի, եթե երկար ատեն Զվարթնոցի ավերակները ուսումնասիրելես առաջ մեկը պատմեր ինձի այս տարօրինակ իրողությունը, ես ոչ թե ենթադրության, այլ իրողութան առջև ստիպված եմ խոնարհիլ»։
Այս միջոցին, Դուք, տեսնելով մեր սուր վեճի կերպարանք ստանալու սպառնացող խոսակցությունը, միջամտեցիք՝ ըսելով. «Եղբայր, ինչի՞ եք միմյանց վիրավորում, լավ չէ՞ որ շուտով մի կառք կանչենք, գնանք Զվարթնոց, այնտեղ ցույց տվեք Ձեր փաստերը»։
Այդպես ալ եղավ. հրամայեցիք, կառքը եկավ, և չորս հոգի (դժբախտաբար չեմ հիշեր, թե ո՞վ էր մեր չորրորդ ընկերը) գնացինք Զվարթնոցի ավերակները։ Այնտեղ Ձեր ներկայության նախ ցույց տվի պ. Տեր-Սարգսյանի անկարելի համարած կոր աղեղներու մնացորդները։
Պերճախոս իրականության առջև պ. Տեր–Սարգսյան ոչ միայն զարմացմամբ ընդունեց այս հետաքրքրական իրողությունը, այլև վաղածանոթ բարեկամի մը նման թևս մտած խնդրեց ինձի ցույց տալ իրեն այն բոլոր մասերը, որոնք ավերակի վերակազմության լրացուցիչները կկազմեին։ Ես սիրով կատարեցի անոր անկեղծ ցանկությունը ոչ միայն նույն օրը, այլև հետևյալ օրն ալ, ցույց տալով բոլոր կարևոր բեկորներն ու քարերը և անոնց պատկանած տեղերը, որչափ որ կարողացած էի ճշտել գարնան չորս ամսվան հետազոտությանս միջոցին։
Չմոռանամ ըսելու, որ պ. Տեր-Սարգսյան, լիովին ընդունելով ներքին հարկերու վերաբերյալ բոլոր ցուցմունքներս՝ միայն անհամաձայն մնաց ինձ հետ գմբեթի կազմության մասին։
Այս պատմության ճշտությանը գրեթե կետ առ կետ հաստատություն կուտաք, երբ «Ազգագրական հանդեսի» 1907 թ<վականին>, XVI գրքի, 132-րդ երեսի վրա, հիմնվելով իմ վկայության վրա՝ կնկարագրեք մանրամասնորեն Զվարթնոցի կանգուն վիճակը։ Ես չեմ կարծեր, որ Տեր-Սարգսյան ալ, իբրև պատվազգաց մարդ, զիջանի այլ կերպ պատմելու այս իրողությունները։
Ուրեմն հիմա հայտնի է, որ դեռ պ. Տեր-Սարգսյան Զվարթնոցի ավերակները չտեսած, ես արդեն հատակագծի և առաջին հարկի բոլոր մասերը ամբողջացնելով՝ անվիճելի կերպով կազմեր էի։
Արդ, երբ դուք կգրեք, թե «ճարտարապետ պ. Քրիստափոր Տեր-Սարգսյանը պատրաստեց բուն եկեղեցու մանրազնին հատակագիծը»[1], ով
- ↑ «Ազգագրական հանդես», XV գիրք, 1907, էջ 90, Թիֆլիս։