ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանի անվան հետ կապելով հանդերձ, բացի ուրիշ անկանոնություններե, փոխանակ հինգ դռան՝ երեք դռնով հրապարակ հանեցիք, որուն մասին պ. Տեր-Սարգսյան, իբրև համալսարանական ճարտարապետ, իրավունք ուներ բողոքելու, քանի որ համալսարանական արվեստագետի մը անունով եղած գործը «ճեմարանի աշակերտի մը» գործեն ավելի ստորին աստիճանի վրա կմնար։ Գոնե ծանոթություն ալ չավելցուցիք այդ մասին արվեստագետին պատիվը խնայած ըլլալու համար։ Ոչ միայն այդ բանը չըրիք, այլև չորս տարի հետո նույն աններելի վարմունքը կրկնեցիք «Ազգագրական հանդեսի» մեջ, տպելով միևնույն հատակագծերը՝ աննշմարելի կերպով քերթված պակաս դրանց տեղերը[1]։
Ոչ ոք պատասխանատու չէ կարծեմ Ձեր դժբախտ կլիշեի գլխեն անցած արկածալից պատմություններուն, և ոչ ոք ալ մեղավոր՝ Ձեր անճշտություններուն համար զՁեզ քննադատելով. փաստը վերին աստիճանի տգեղ և աններելի է գիտնականի մը պատվույն։ Արդարանալու համար բավական չէ մեղքը Պետերբուրգի ճարտարապետ պ. Թամանյանի վիզը փաթաթելը[2] . ենթադրենք, որ պ. Թամանյան իբրև մարդ սխալվեցավ և մոռացավ երկու դռները, միթե՞ ներելի էր Ձեզ՝ ըսել թե «խուսափել էր իմ ուշադրությունից»։ Պ. Թամանյան, եթե մի սխալ հատակագիծ տվավ, իր դիմաց ուներ անհատ մը միայն, իսկ ինչ եղավ Ձեր գիտակցության, որ չքննեցիք մանրամասն կերպով, քանի որ Դուք այև սխալը պիտի ներկայացնեիք ամբողջ գիտական աշխարհին և պիտի հավերժացնեիք պատմության մեջ։ Ընդունենք, որ իբրև մարդ Դուք ալ սխալեցիք 1904 թվականին, չէ՞ր կարելի արդյոք նորը պատրաստել տալ 1907 թվին՝ «Ազգագրական հանդեսի» համար, փոխանակ կլիշեին վրա քերթելու։
Բավական չէ մարդու մը համար ամեն տեսակ մասնագիտության մեջ հմտություն ունեցած ըլլալու, նախանձելի ձգտումը, պետք է մի քիչ ալ մշակված ըլլալ այն մասնագիտության մեջ, որուն մասին մեկը ցույց տալ կուզե իր հմտությունը։ Ահա այս իրավացի պատճառով է, որ շփոթություններու և հակասություններու մեջ կգլորվիք, երբ Ձեր մասնագիտութենեն դուրս ալ քննադատության մեջ կմտնիք։ Արդար չէ՞ արդյոք այստեղ հիշել «կոշկակարն մինչև ցկոշիկ» առածը։
ճարտարապետական գծերու և անոնց պաշտոններու մասին Ձեր բոլորովին անտեղյակ ըլլալն է, որ մտքերնուդ մեջ կարգ մը երևակայական սխալներ ստեղծեր եք իմ հատակագծիս վրա, և Ձեր ներկայացուցածը անհամեմատ առավելություններով օժտված։
Երբ ես արվեստով ճարտարապետ ըլլալով, իմ կազմած հատակագիծս քննադատության ենթարկվի աստվածաբան վարդապետի մը կողմանե, որչափ ավելի կասկածելի պետք է որ համարվի աստվածաբան վարդապետի մը ներկայացուցած ճարտարապետական հատակագիծը, որուն սխալները կրկնված են, բացի Զվարթնոցեն, նաև ուրիշ հատակագծերու մեջ ալ: «Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ» 11 երեսի վրա Ձեր ներկայացուցած էջմիածնի հատակագիծը, եթե բաղդատենք իսկականին հետ, անմիջապես կհամոզվիք ըսածիս ճշմարտության։ Այդ հատակագծին վրա որտեղե՞ն է առաջ եկած ներքին կողմեն, հյուսիս և հարավ կողմի abside-ներեն (խորան) մինչև արևելյան ավանդատուները եղած միջոցին մեկ մետրեն ավելի երկայնությունը, քան հակառակ կողմը, մինչդեռ իրականության մեջ՝ ընդհակառակը, Ձեր հատակագծի վրա երկայն եղող մասերը քանի մը սանտիմով ալ ավելի կարճ են, քան abside-ներեն մինչև արևմտյան պատը գտնված երկայնությունը։ Ավելորդ համարելով ուրիշ մասերու վրա խոսիլ առայժմ, կվերադառնամ նյութիս։ Պատասխանատվության
- ↑ «Ազգագրական հանդես» XV գիրք, էջ 128, XVI գիրք, էջ 131:
- ↑ Թ. Թորամանյանի ակնարկը ուղղված է Մեսրոպ վարդապետի «Ակամա պատասխան» հոդվածի («Արարատ», № 1, 1909, էջ 71) հետևյալ տողերին. «Մնում է բացատրել «երկու դռների գաղտնիքը... Տեր Սարգսյանի լուսանկարը բավական էր, լավագույն կլիշեի համար իմ խնդրանոք Պետերբուրգում ճարտարապետ Թամանյանը թանաքով վերանկարեց, և նա էր մոռացել այդ «երկու դռները» նկարում. նույնը խուսափել էր իմ ուշադրությունից, որ փորձեցի սրբագրել, հին կլիշեում փորփրելով համապատասխան պատուհանները»