ամեն տեսակ ծանրություններ հանձն առնելով, վստահ կերպով հրապարակավ կհայտարարեմ, թե իմ Զվարթնոցի հատակագիծս միանգամայն ճիշտ է և իրականին լիովին համապատասխան, և պատրաստ եմ Ձեր իսկ ընտրած մասնագետներու ներկայության փորձի ենթարկել, երբ կկամենաք։ Այն սխալները, որոնք ցույց կտրվին իմ հատակագծիս վրա Ձեր կողմանե, խծբծանքե ավելի նշանակություն չունին[1]։
ա) Եկեղեցու շուրջ բոլոր տարածված աստիճանները բուն եկեղեցվո մաս չեն կազմեր, ամեն մարդ ազատ է զանոնք ներկայացնել կամ ոչ։ Արդարև ներկայացնելով՝ առավելություն մը տրված կհամարվի, բայց չներկայացննելով ալ եկեղեցվո հատակագիծը իր ամբողջութենեն ոչինչ չի կորսնցներ։
բ) Գլխավոր սեղանի աջ կողմի մասանց գզրոցը շենք կամ շինության մաս չէ. «գզրոց» անունը բավական է ապացուցանելու, որ նա կահկարասիքի արժեք միայն ունի։
գ) Սեղանից դեպի ներքև իջնող երկու աստիճանները[2] բոլորովին ճիշտ են, տարաբախտաբար Դուք եք սխալած և չեք կարողացած հասկնալ, որ այդ եկեղեցիի նախկին սեղանն է, ո- րուն մասին խոսեր եք «Ազգագրական հանդեսի» XVI գիրք, 137 երեսի վրա. յուրաքանչյուր կողմի զույգ սանդուղքներուն մեկը վար իջնելու կծառայե և մյուսը՝ սեղան բարձրանալու։ 1904 թվականին ես նույն ձևը մասնավորապես գծեր եմ նաև Պետերբուրգի կայսերական հնագիտական մասնաժողովի համար ևս, որն որ խրկվեցավ Խաչիկ վարդապետի ձեռքով։
դ) Պիլաստրների—եկեղեցու ներսից—հատակում շուրջ բոլոր տարածված մայթ անվանածնիդ մայթ չէ, այլ մի ուրիշ նշանակություն ունեցող գիծ, որն որ ըստ ինքյան շատ հետաքրքրական երևույթ է հայ ճարտարապետության մեջ, ինչպես նաև Ձեր քիչ մը վարը՝ «երկրորդ շրջագիծ միացնում են բոլոր սյուները» ըսածը, որ գրեթե նույնն է Ձեր մայթ անվանածին հետ։ Ես նպատակավոր կերպով լռության տված էի այդ մասերուն վրա բացատրություն տալ՝ առանձին հոդվածով խոսելու համար, բայց եթե կփափագիք, մասնագիտական ժողովի մը առջև պատրաստ եմ բացատրելու այդ Ձեզ համար անհասկանալի գծերուն նշանակությունը։
«Չունի՝ արևելյան քառանկյունի շինության արտաքին կողմի երեք աստիճանները» ըսածնիդ ալ դարձյալ արդյունք է Ձեր անուշադրության. եթե անգամ մը ևս երթաք տեղին վրա մասնավորապես քննելու համար, պիտի տեսնեք, որ ունի այդ երեք աստիճանները։
Իսկ գալով ամենագլխավոր հարցին, Ձեր հատակագծի առավելություններուն և անոր իմ հատակագծես ունեցած կարծեցյալ տարբերություններուն, զարմանքնիդ շատ բնական պիտի ըլլար, եթե Դուք կարողանայիք բացատրել ինձի Ձեր ցույց տված առավելություններուն իրականին մեջ ինչ ներկայացնելը։
Գմբեթի մասին խոսած ատեննիդ, «կրկնակի քառակուսի գիծ» ըսելով ի՞նչ ըսել ուզեր եք և ի՞նչ եք հասկցեր այդ քառակուսի գծերեն։ Իմ հատակագծես զանազանվող այդ քառակուսի գծերուն դեպի սյունազարդ թևերուն կողմը եղած (Ձեր հատակագծի մեջ) երրորդ սուր գծին իրականին մեջ գոյության ի՞նչ ապացույց ունիք։ Ես պարզապես կմերժեմ այդ գծի գոյությունը։
Ինչո՞ւ համար Ձեր շուրջ բոլոր աստիճանները եկեղեցին ամեն կողմեն շըրաջապատած են, քանի որ իրականության մեջ՝ սկսյալ արևմտյան դռնեն ամբողջ հարավային կողմը՝ բնավ գոյություն չունի։ Ի՞նչ ապացույց գոնե ի հնումն անոր գոյության, երբ Դուք պատմության միջոցավ ալ գիտեք, թե «եկեղեցուց առաջ Ներսեսը հիմք ձգեց» կաթողիկոսարանին[3], և աստիճաններու ընդհատումն ալ հառաջ եկած է կաթողիկոսական շինությանց տաճարին անմիջապես մոտը գտնվելուն պատճառով[4]։