Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈԻԹՅՈԻՆԸ

V, VI և VII դդ.

Ամենահեռավոր անցյալեն մինչև մեր օրերը, պատմության մեջ չենք գտներ շրջան մը, որուն ընթացքին չի պատահինք աշխարհավեր պատերազմներու, մարդկային սարսափելի կոտորածներու և բազմահազար գերեվարություններով Հայաստանի ու շրջակայից հողին վրա։ Նաև չիկա երկրագունդին վրա ուրիշ աշխարհամաս մը, որ Հայաստանի և անմիջական շրջակայից երկիրներու նման, բազմաթիվ ազգերու օրրանն ու անոնց հավիտենական գերեզմանը եղած լինի։ Որչափ ազգեր եկան ու անցան այդ երկրեն և ընդմիշտ անհետացան առանց ետևնին հետք մը թողնելու, ոմանք ալ ձուլվեցան ավելի զորեղ ցեղերու մեջ։ ճակատագրական քաղաքական հրաբուխներու մշտնջենական խառնարան այդ երկրի վերջին ժառանգ հայ ազգն է, որ մոտավորապես 3000 տարիներե ի վեր կարողացեր է իր գոյությունը շարունակել մինչև այսօր, որոշ չափով քաղաքակիրթ համարվելու աստիճանի մը վրա։ Բայց ի՞նչ տառապանքներով և բազմամիլիոն մարդկային զոհերու գնով հասավ մինչև այսօր, այդ թող պատմեն պատմաբանները, որովհետև իմ նպատակս է այս աշխատության մեջ, գլխավորաբար երեք դարաշրջաններով V, VI և VII դարերու քաղաքական կացության ուրվագիծը տալ, որն անմիջական կապ ունի Զվարթնոց եկեղեցիի ճարտարապետական ուսումնասիրությանս հետ։

Թեև ավելի կանուխ Հայաստանը ունեցավ իր անկախ ու միահեծան քաղաքական կյանքը, զորացավ, ընդարձակվեցավ իր բնական սահմաններեն ալ շատ հեռու, սակայն այդ հաջողություններուն հետևեցավ նաև հետզհետե անկում ու նվազում, մինչև որ քաղաքական անկախությունը կորսնցնելով, դրացի երկու հզոր պետություններով բյուզանդականին և սասանականին մեջ բաժնվեցավ։

Դժբախտաբար, այս երկու հզոր պետություններ, ոչ միայն բարեկամ չեղան վերջնականապես իրենց հպատակը եղող հայ ժողովուրդին, այլև մեկզմեկու դեմ ունեցած ավանդական թշնամությունը շարունակեցին։

Հայաստանն իրենց մեջ բաժնելով, երբ ավելի մոտեցան իրարու, այնչափ ավելի առիթները բազմացան արյունահեղ պատերազմներու։ Քանի այս երկու պետությանց սահմանը Հայաստանի կեդրոնին վրայեն կանցներ, ամեն մի պատերազմական բախում տեղի կունենար Հայաստանի սրտին վրա։ Այս դժբախտ երկիրը, թե իր քաղաքական անկախության և թե հպատակ ժամանակ ինչ դիրք ալ որ բռներ կռվող կողմերու հանդեպ, միշտ քավության նոխազը ինքն էր։ Ոչ հաղթողները հալածելն ու հարստահարելե կկշտանային և ոչ ալ պարտվողները քանդել, ավերել ու թալանելե. շատ քիչ անգամ կցամաքեին արյան հեղեղները Հայաստանի մեջ։ Եթե պատահեր քանի մը տարի խաղաղություն