և բարյացակամ վերաբերմունք տիրողներու կողմանե, տարօրինակ նկարագրով մը հայրենի հողին ու ավանդություններուն ամուր կպած հայ Ժողովուրդը, մոռցած ամեն վիշտ ու տառապանք, մրջյունի նման անխոնջ ու համբերատար, վերստին կսկսեր շինել իր քանդված հայրենիքը։ Կարճ ժամանակի մեջ կծաղկեցներ այնտեղ գիտություն, արվեստ, վաճառականություն։ Առևտուրի համար Պարսկաստան, Հնդկաստան, Եգիպտոս կերթար. նույնիսկ Եվրոպական հեռավոր երկիրներ իր ոտքին տակն էին. ամեն տեղ, ամեն երկիր կտանեին իրենց արդյունաբերությունը և հայրենի երկրին հատուկ արվեստագործությունները, փոխարեն իրենց երկիրը բերելու համար հարստություն և գիտության ու արվեստի նորություններ։
Եթե իր բացասական կողմերով հայ ժողովուրդը տասնյակ դարեր տառապեցավ ու մաշվեցավ, սակայն գերակշռող դրական հատկությունները զինքը անպարտելի դարձուցին ռազմական մրրիկներու, հայաջինջ քաղաքականության, ամենանուրբ դիվանագիտական խարդավանքներու առջև։
Մեր դարերուն, պետությանց մեջ կռվածաղիկ եղող Հայաստանի խնդիր ըսվածը, որ մենք սխալմամբ հայկական խնդիր կհասկնանք ընդհանրապես, նոր չէ որ գոյություն ունի մեծ պետություններու միջև։ Այդ հարցը բազմադարյան հնություն ունի և կհասնի մինչև անհիշատակ ժամանակներու, որուն լուծման համար Սարգոններ ու Սարդանապալներ, Դարեհներ, Շապուհներ, Ալեքսանդրներ մարդկային մարմիններով լեռներ ձևացուցին և գանգերով հսկայական պարիսպներ շինեցին այդ կտոր մը հողին տիրանալու և անոր միջոցով աշխարհակալ դառնալու համար։ Կռվածաղիկը Հայաստանի դրախտավայր բարձրավանդակն էր, ոչ թե անոր մեջ բնակվող ժողովուրդը, հետևաբար Հայաստանին տիրանալու ձգտողներեն ոմանք հայության ջնջման մեջ կտեսնեին իրենց հաջողությունը։ Բայց ապառաժի նման պինդ ժողովուրդի գլխին հարվածող մուրճերը, հաճախ ավելի շուտ փշրվեր են, քան ինքը հայ ժողովուրդը։
Պարսկական արքունիքի մեջ մշակված միևնույն հայաջինջ քաղաքականության հետևանքն էր V դարուն Վարդանանց և Վահանյանց արյունռուշտ պատերազմները։ Բյուզանդական կայսրության դիվանագիտության՝ հայությունը ձուլելու ջանքերը տևեցին մինչև պետության վերջին անկումը։ Արաբները հայ ժողովրդի բարոյական ու ֆիզիկական ուժերը ջլատելու և Հայաստանը հայութենե ամայացնելու միջոցը գտած էին՝ իշխանական և նախարարական տոհմերի դավանափոխության կամ գլխատման և հասարակ ժողովուրդին տասնյակ հազարներով գերեվարության կամ խողխողման մեջ, որոնց տեղ պիտի բազմանային մահմեդական ժողովուրդները։ Չափ ու սահման որոշել անհնար է եղած նյութական վնասներուն, մշտական կողոպուտների հետևանքով։
Հայոց պատմությունը, նմանը չտեսնված, երևակայել իսկ անհնարին եղող, ահռելի տառապանքներու պատմություն մ՚է. զարմանք կամ նույնիսկ հրաշք է, որ այսքան բազմադարյան անօրինակ տառապանքներե հետո, հայ անունով ժողովուրդ մը կապրի Հայաստանի բնիկ հողին վրա։
Գուցե գտնվին տարբեր մտածողներ հայության անցյալին և անոր քաղաքական հարաբերություններու մասին։ Բայց վստահ եմ, որ շատերը պիտի համաձայնին ինձ հետ, որոնք հայ ցեղի մատենագրական պատմության հետ զուգընթացաբար, անաչառորեն ուսումնասիրեր են անոր ետևը թողած գեղարվեստական վեհաշուք անթիվ հիշատակարանները։ Ազգերու գոյության մշտնջենավորման միակ շարժառիթը անոնց կենսունակ հատկություններն են։ Ազգ մը երբ հազարավոր տարիներ ապրեր է և կապրի, ըստ գիտական վճռի, անոր արժանավորությունները կապացուցանե։ Իսկ այն ազգը, որ զինքը բնաջնջելու համար զորավոր թշնամիներու ձեռքով մղված հազարավոր տարիներու պայքարին մեջ հաղթական դարս կելլե, այն ժամանակ ոչ միայն անժխտելի են անոր բարոյական ու ֆիզիկական արժանավորությունները, այլև անկապտելի իբրև ազգ և իբրև մարդ ապրելու իրավունքը։
Այնքան ալ նշանակալից չի պիտի լիներ հայ ժողովուրդին գոյության, դարավոր կռվեն դյուցազնորեն հաղթական դուրս գալը, եթե իր այդ մշտնջենական անէացման անդունդին եզրին վրա արյան ու կրակի մեջ լողալով միշտ ստեղծած չլիներ ինքնուրույն, սեփական գեղարվեստ մը, ճարտարապետություն մը, որուն մասին գիտական աշխարհի ներբողական գնահատականները շատ շատերուն հայտնի են։