Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ

Հայ ճարտարապետության խոշորագույն պատմաբան Թորոս Թորամանյանի կյանքն ու գիտական գործունեությունը պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության պատմությունն է։

Մինչև XX դարի սկիզբը հայ արվեստի մասին ընդհանրապես ստեղծված էին շատ թերի և հակասական կարծիքներ, որի հետևանքով պատմական հայ ճարտարապետությունը և նրա ուսումնասիրության հարցը երկար ժամանակ մատնված էր անուշադրության։

Օտարազգի գիտնականների մեծ մասի կողմից պատմական հայ ճարտարապետությունը դիտվում էր որպես ինքնատիպությունից զուրկ, շրջապատող ազգերի ճարտարապետական ոճերի (գերազանցապես բյուզանդական) ընդօրինակություն։

Կային նաև դրական կարծիք հայտնողներ, բացառապես IX—XI դարերի հայ ճարտարապետության մասին, ինչպես, օրինակ, ֆրանսիացի գիտնական Օ. Շուազին։ Սակայն, դժբախտաբար, նրանց կարծիքները, հիմնված չլինելով բավարար փաստական հիմքի վրա, չէին արժանացել պատշաճ ուշադրության։

Այդպիսին էր պատմական հայ ճարտարապետության վերաբերյալ ստեղծված պատկերացումը և նրա ոաումնասիրության վիճակը, երբ անցյալ դարի 90-ական թվականներին առաջին անգամ նրանով հետաքրքրվում է տակավին երիտասարդ Թորոս Թորամանյանը։

Թորոս Թորամանյանը ծնվել է 1864 թ. Փոքր Հալքի Շապին-Գարահիսար քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Հայրենի քաղաքի ոչ լրիվ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Թորամանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ բարձրագույն կրթություն ստանալու և հատկապես ճարտարապետ դառնալու նպատակով։

Դեռևս պատանի հասակում զրկվելով ծնողներից, Թորամանյանը ստիպված է լինում օրվա ապրուստը հոգալ սեփական ուժերով, ուստի աշխատանքի է մտնում սկզբում քարկոփի, իսկ հետո՝ հյուսնի մոտ, միաժամանակ պատրաստվելով համալսարանական քննություններին։

1888 թ. Թորամանյանին հաջողվում է ընդունվել Պոլսի գեղարվեստի ճեմարանի ճարտարապետական բաժինը, որն ավարտում է 1893 թվականին՝ գերազանց աոաջադիմությամբ։

Հայ ճարտարապետության վերաբերյալ այդ տարիների իր մտորումների մասին հետագայում Թորամանյանը գրում է.

«Կ. Պոլսի գեղարվեստի ճեմարանի ուսանողությանս շրջանեն սկսած, մեծ հետաքրքրությամբ կթղթատեի հատորներ՝ տեսնելու և ուսումնասիրելու համար հին և նոր ճարտարապետական ոճերը։ Դժբախտաբար ոչ մի տեղ չի պատահեցա «Հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժին մը ոճերու պատմության և ուսումնասիրությանց շարքին մեջ, հետևաբար հայ ոճի մը գոյությունը չէի երևակայեր իսկ»։

Թորամանյանին անհավատալի է թվում հայ ճարտարապետության մասին ստեղծված այդքան բացասական կարծիքի արդարացված լինելը։

Ծանոթ լինելով հայ ժողովրդի պատմական հարուստ անցյալին և քաղաքակրթական դերին, Թորամանյանը չի հուսահատվում և շարունակում է իր որոնումները նաև հետագայում, երբ արդեն ճեմարանի կողմից վկայված նկարիչ–ճարտարապետ էր և զբաղվում էր գործնական ճարտարապետությամբ։