Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելու, թե, սկսյալ շենքի հիմը փորելու գործողութենեն մինչև անոր արտաքին դռան փականքին զետեղվիլը, որչափ զանազանակերպ արհեստավորներ իրենց բաժինը ունեցեր են կոթողի ամբողջացման մեջ, բացի քարտաշեն, որմնադիրեն և հյուսնեն։

Եթե ի նկատի առնենք կոթողը կանգնվելեն հետո անոր շարժական ու անշարժ պճնանքներու համար պետք եղած բազմակողմանի զարդարանքները, որոնց մասին միշտ հիացմամբ արձանագրած են սակավախոս պատմագիրներ, այն ժամանակ պարզ կլինի մեզ համար, թե ի՞նչ բազմակողմանի արհեստներ զարգացած էին այս կամ այն մեծ հիշատակարանին շինության դարուն, որուն հոյակապ ավերակներուն առջև մենք կհիանանք այսօր։ Ինչ եռուն աշխատանք և մրցում կար բազմաթիվ արհեստավորներու մեջ մեկզմեկ գերազանցելու համար։

Այս անուրանալի ճշմարտությունը տեսնել ուզողները թող քննական աչքով դիտեն որևէ դարաշրջանի մեջ կանգնված հիշատակարաններու զարդաքանդակները և կերտվածքներու մեկզմեկ գերազանցող նրբությունները, որոնք իրենց ճարտարագործ ձևերով մեկզմեկու չի նմանելեն զատ զանազան շենքերու վրա, երբեմն միևնույն շենքին ընդհանրապես համաչափություն պահանջող մասերու վրա իսկ բազմատեսակ քանդակներով զարդարած են։ Իսկապես զարմանալի է հայ արվեստագետներու բեղմնավոր երևակայությունը և հորդառատ արտացոլումը անշունչ քարերու և փայտերու վրա, երբ առիթն է ներկայացեր երևակայությունը պատկերացնելու, ագահորեն նա թափեր է դուրս իր հանճարի ցոլքերը, կարծեք վախնալով, որ առաջինը և վերջինը պիտի լինի իր գործերուն. աշխատեր է, որչափ որ հնար է, այնչափ ավելին արտադրել։ Ալ ավելի զարմանալի կգտնենք և կհիանանք անոնց ստեղծագործական տաղանդին վրա, երբ երևակայենք պահ մը, որ անոնք մեզ նման հսկայական մատենադարաններ չունեին գեղարվեստական հոյակապ հատորներով զարդարված, որոնցմե կարողանային օգտվել հարկ եղած ժամանակ։ Անոնց գիրքն ու մատենադարանը իրենց ուղեղն էր և ամեն րոպե պատրաստ հորդելու, երբ բարեդեպ առիթը կներկայանար իրենց բեղմնավոր երևակայության և մտավոր անսպառ պաշարի շահագործման, ի պատիվ ճարտարապետության և գեղարվեստի։

Եվ այս բոլոր արվեստներու զարգացման պայման խրախույս պետք էր որ լիներ նյութական լիուլի վարձատրությունը, որ անշուշտ չեն խնայեր շռայլելու իշխանական և ազնվական տոհմերը, երբ հարկ եղեր է մի հիշատակարան-կոթող կանգնել ի փառս իրենց անվան ու իրենց տոհմի։

Ինձ կթվի, թե հայ ազնվական տոհմերն ալ հավասարապես չեն ունեցեր գեղարվեստական կոթողներ կանգնած լինելու ցանկալի փառասիրությունը։ Մեր բազմաթիվ նախարարական տոհմերու մեջեն, գեղարվեստասիրության և շինարարական մեծագործության առաջին մրցանակը պետք է տալ հին Պահլավունի շառավիղով եկող Կամսարականներու ցեղին։ Թեև VIII դարուն մեջ Կամսարականներու սերունդը անհայտացած կերևի Հայաստանեն, այնուամենայնիվ շատ հավանական է, որ X դարուն հանկարծ, առանց դրականապես մեզ հայտնի փաստերու ինքզիքը Պահլավունի համարող մի ցեղ, հիրավի կպատկանեին նախկին Պահլավունիներու հետ անբաժան կապված Կամսարականներու ցեղին, որովհետև գեղարվեստական ճաշակով և շինարարական մեծագործությամբ միևնույն արդյունքներն են տվեր ճարտարապետության պատմության համար X դարեն հետո, ինչ որ մինչև VII դարու վերջը գոյություն ունեցող Կամսարականներու ցեղը։

Մինչև VII դարու վերջերը կանգնված հիշատակարաններուն ամենեն հոյակապները և ամենեն շքեղները Կամսարականներուն կպատկանին, ինչպես Տեկոր, Մրեն, Թալինի երեք եկեղեցիները, Մաստարա, Նախճավան։ Իսկ X դարեն սկսյալ, Անիի և շրջակայից մեջ պատկառելի թիվ մը կկազմեն նույն Կամսարականներու կամ անոնց նախնիք հին Պահլավունիներու շառավիղ նոր Պահլավունիներու կանգնած հիշատակարանները, ինչպես Անիի մեջ՝ Աբուղամրենց ս. Գրիգոր, Փրկիչ, Առաքելոց եկեղեցի, Ծաղկոցաձորի մոտ Գրիգոր իշխանի կին՝ տիկնանց տիկին Շուշիկի եկեղեցին (այժմ ավերակ բոլորովին), Անիեն դուրս՝ Բագնայր, Մարմաշեն։ Այս ցեղը գրականության մեջ ոչ նվազ իր պատվավոր ներկայացուցիչներն ունի, որոնց մեջ գիսավոր աստղի պես կփայլեն մինչև