Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նմանապես կարմիր գույնով մինչև ոտքերը հասնող պարեգոտը։ Առանց կուրծքը կախված խաչին անկարելի պիտի ըլլար այս քրիստոնյա թագավորը զանազանել մահմեդական վեհապետե մը։

Քանդակագործը, իր ճարտարությամբ ճարտարապետին հսկա գաղափարը պճնազարդելու համար, անխնա թափեր է այնտեղ գեղեցկատեսիլ քանդակներու մի ճոխ այլազանություն։

Եկեղեցիին արտաքին պատը դրսի կողմեն շրջապատող երեսունևվեց կամարները զարդարեր է ոլորուն ցողուններով՝ որոնց վրա քնքույշ կոթերով միացած են արևելյան ոճով վարդաձև ծաղիկներ և համաչափորեն շարված՝ ցողունի ճկումներեն հաջորդաբար գոյացող արձակ տեղերուն վրա։

Սույն կամարները կրող խոյակները քանդակեր է հոնիական ըսված խոյակներու նման, որոնց վրա կարծես ցույց տալ ուզեր է խոյողի ծագման նախնական վիճակեն սկսյալ մինչև կատարյալ վայելչության հասնելուն բոլոր աստիճանական զարգացումները։

Մերթ քանդակեր է խոյակին ճակատը կարգավ, երեքեն մինչև չորս հատ պարզ բոլորակներ մինչև կենտրոնը աստիճանաբար փոքրացող մեջ մեջի շրջանակներով, մերթ այդ բոլորակները իրարու միացուցեր է արտաքին շրջագծի շարունակությունը մեկեն մյուսին անցնելով։ Մի տեղ այդ բոլորակները՝ փոխանակ կլոր շրջանակի, աստիճանաբար դեպի կեդրոն հավաքող ոլորակներու փոխեր է, որոնք կապված են իրարու արտաքին շրջագծով, ուրիշ տեղ մը կամաց-կամաց սկսեր է իսկական խոյողի (volute) ձև տալ՝ խոյակաց երկու եզերքին վրա դնելով երկու ոլորակներ, որոնց արտաքին շրջագծերը վերի կողմեն ուղիղ գծով կմիանան իրարու, երկու ոլորակներու մեջտեղն ալ քանդակեր է կամ ձվիկներ և կամ փոքր գնդիկներու շարք մը։ Վերջապես հասեր է տեղ մը, որ թե խոյողը և թե հոնիական խոյողավոր խոյակի ընդհանուր ձևը վայելչության վերին աստիճանը գտած է։ Այլևս պարզ ոլորակները փոխվեր են ոլորուն մագաղաթի մը՝ կեդրոնական մասը դեպի դուրս քաշված և գլանակի ձևով խոյակի երկու կողմերուն վրա հաստատված, աոջևի կողմեն միայն ցույց տալով ոլորուն ճակատները։ Ինչ որ ավելի գրավիչ է և անծանոթ հունական արվեստին, գլանիկներու մեջքին վրա վայելչորեն փաթաթվող արջմագիլի նրբաքանդակ տերևներն են, որոնք կարծեք կուսական քնքուշ ձեռքեր ըլլային՝ գլանիկները տեղին վրա պինդ բռնելու համար։

Կամարներեն վեր գտնվող, նույնպես թվով երեսունևվեց հատ բոլորակ պատուհաններու լայն շրջանակները քանդակելուն մեջ ցույց տվեր է արվեստագետը իր գրագիտության ճյուղին մեջ ունեցած մեծ հարստությունը։ Յուրաքանչյուր շրջանակ քանդակված է առանձին տեսակ, իսկ երբեմն շրջանակներ մեկե ավելի տեսակներով։ Ոմանց շուրջ հյուսեր է ժապավենյա մանվածոներու պարզ և կամ ճոխ պսակներ, ոմանց վրա մանվածոներու մեջ պատշաճեցուցեր է այսուայն կողմ ներդաշնակորեն գալարվող տերևներ։ Կան տեսակներ, որոնց մեջեն ի բաց վանելով մանվածոները, մերթ զիրար գրկող և մերթ իրարմե համաչափորեն հեռացող ցողուններու և տերևներու սիրուն խառնուրդ մը ձևացուցեր է։ Քանի մը օրինակներու վրա ալ քանդակեր է զանազան վայրի տերևներու հետ խառնված երկրաչափական ձևեր՝ պատշաճ համաչափությամբ դասավորված։

Իբր գլուխգործոց, այս շենքին մեջ քանդակագործը անհամեմատ ճարտարություն ցույց տվեր է եկեղեցիի երեք դռներու բարավորներուն և անոնց վրա կարկառվող քիվերու փորագրության մեջ։

Արևմտյան դուռը, որ ամենեն ճոխագույնն է, ամբողջովին գտնված են բեկորները, սակայն դժբախտաբար հազիվ մեկ–երկու կտորները կարելի եղած է փոխադրել թանգարան, տեղի և ծախքի չգոյության պատճառով, մնացածները կմնան տեղին վրա…

Այս գեղեցիկ դուռը ունի շուրջանակի բարավոր մը, վրան լայն տերևազարդ ճակատ մը և անկե վեր հառաջակարկառ քիվ մը։

Քիվը կներկայացնե ճարտարապետական ուղիղ գծերու հետ խառնված երեք քանդակազարդ լայն ու նեղ ճակատներ։ Այդ ճակատներեն մեկուն մեջ, որ ամենեն լայնն է, քանդակված են կարգավ քառակուսի խոր փոսիկներ, որոնց անկյուններեն կհառաջանան նուրբ դարձվածքով տերևներ և կմոտենան իրարու՝ մեջտեղեն խաչաձև գիծ մը ձևացնելով։