չի մնաց։ Կիսով չափ դուրս եկավ արտաքին բոլորակ պատը ներսեն և դուրսեն սյունազարդ, սյուները կկրեն քանդակազարդ կամարներ, բայց ոչ Զվարթնոցի նման նուռ ու խաղողի քանդակներով, այլ անեցվոց սիրած ոճով, մանվածո քանդակներով զարդարված են կամարները։ Ներսի խաչաձևի մեծ սյուները խոյակներով սկսեցին երևալ բոլորովին անաղարտ մնացած, ընդհանուր գծերն այս խոյակներուն նույնպես բոլորովին նման են Զվարթնոցի խոյակներուն, միայն քանդակներու թեթև տարբերություններ կան. երկու սաժենեն ավելի կանգուն են թե՛ դարսի պատերը և թե՛ ներսի սյուները։ Առայժմ շատ բան մնացած կերևի և հուսալի է, որ դյուրությամբ կարելի ըլլա վերակազմել[1]:
⁂
Օրըստօրե հետաքրքրական դառնալ սկսեր են պեղումները։ Այս շաբթու ալ ունեցանք կարևոր նորություններ։ Արտաքին կամարներն, զարդաքանդակ պատուհաններն և մեծ խոյակներե զատ, բացվեցան եկեղեցիին հարավային և արևմտյան դռները։ Արևմտյան դուռն այժմեն փոխարինեց ըլլալիք բոլոր ապագա զոհողությունները այս պեղման համար, դուռ մը, որուն նմանը մինչև այսօր չէ տեսնված ուրիշ հնություններու մեջ։
Շատ քիչ կբացատրեն Ասողիկի «տարփատենչ տեսողաց» կամ «սքանչատես տեսլեամբ» տողերը։ Մարդ ակամա կապշի, տեսնելով բիրտ ապառաժին մարդկային ձեռքի տակ այսչափ կենդանություն ստանալը։ Կարծես բնությունն ինքնին ստեղծեր է այն զմայլելի ներդաշնակությամբ իրարու խառնված նրբին քանդակները, որոնցով զարդարված էին դռան ճակատը, քարի վրա քանդակ ըսելեն ավելի, կարելի է ասեղնագործություն անվանել՝ այնպիսի բարակ, մանր գիծեր կան ոլորված, հյուսված, որոնք մեկ նայվածքով անկարելի է տեսնել։
Հարավային դուռը թեև ոչ այնքան ճոխ, ինչպես արևմտյան դուռը, սակայն կարելի է ըսել, արևմտյան դռան մանրանկարն է, նույն ձևով, նույն քանդակներով գրեթե զարդարված է։ Դեռ չէ երևացեր հյուսիսային դուռը և կամ մյուս դռները, եթե Զվարթնոցի նման անոնք հինգ հատ էին։
Տարօրինակ երևույթ մը ալ բացվեցավ դռներուն առջևները. Զվարթնոցի նման չորս մեծ մայր սյուներեն զատ, ուղիղ դռներուն դիմաց երևան եկան նմանապես նույն մեծությամբ հաստահեղույս մայր սյուներու մնացորդներ, որոնք ոչ միայն անսպասելի էին, այլ նաև ակամա մտածել կուտան, թե ինչու ուղղակի դռան դիմաց հազիվ մեկ մետր ներս հաստատված են։ Թեև այժմեն չէ կարելի ոչինչ վճռել, մոտ ժամանակի մեջ պիտի պարզվի, սակայն կարելի է ենթադրել, որ այս եկեղեցու շինող ճարտարապետը կամ չունեցավ Զվարթնոցը շինող ճարտարապետի խիզախ հանդգնությունը նույն ձևով գմբեթը կազմելու համար և դիմեց օժանդակ մայր սյուներու և կամ նույն ձևով շինելե հետո, վերահաս վտանգի մը առջևն առնելու համար, հետո շինվեցան այս մեծ մայր սյուները, շուտով կպարզվի[2]։
⁂
«Շինէ (Գագիկ Ա.) սուրբն Գրիգոր աննման յԱնի, որ այժմ հանգուցեալ է. թ. 1001»[3]։
⁂
Բագրատունի Գագիկ Ա, հատկապես Զվարթնոցի և նրա կանգնողների հիշատակը հավերժացնելու համար (որովհետև նույն ժամանակ գրեթե կիսավեր էր Զվարթնոցը), Անիում կանգնել է մի հոյակապ եկեղեցի նույն չափով և նույն ձևով[4]։