կըլլա, թե ամբողջական կործանումեն հետո ալ տեղ-տեղ անասուններու ապաստարան ըլլալու չափ կիսափուլ տեղեր մնացեր են։
Սյունաշարերու տակի շինված socle-ները, մինչև իսկ որոնք հասարակ ավազաքարե են եղած, հակառակ սյուներուն պինդ քարե ըլլալուն, անոնք ալ ներքևո ճեխկռտվեր են. մասնավորապես շեշտվեր է հյուսիսարևելյան առանձին սյունին տակը շինած soclce–ին վրա. շատ պարզ կերևի սաստիկ ծանրության տակ ճմլած ու ճեխկռտված ըլլալը։
Հյուսիսարևմտյան առանձին սյունեն դեպի սեղանին կամ հյուսիսային դռան կողմի վրա գտնվող քարե ավազանը ունի չափ լ<այնություն> 104Xե<րկայնություն>206 բ<արձրություն>65,51 խորություն մեջեն, 76 սմ մեջի պարապության լայնություն։ Այս ավազանին ինչ պաշտոն ունենալը հայտնի չէ, թերևս մկրտության ավազան եղած ըլլա, սակայն շատ գռեհիկ ձևով շինված է. թեև կերևի, որ տեղին վրա հաստատուն մնալու դիտմամբ տակը գաջ ու կրով հատուկ խարիսխ շինած են։ Վերջին ժամանակները եկեղեցիի նորոգության ժամանակ այստեղ են աշխատեր շաղախ պատրաստող գործավորները և շատ հավանական է, որ կիրը հալեր են այս ավազանին մեջ. ավազանին մեջը, շուրջ և մոտակա պատերուն վրա դեռ կմնա նորաշաղախ կիրի ու ավազի թողած կեղտոտությունները պատին ստորին մասին վրա։
Սեղանին երկու կողմին վրա կերևա քարտաշ վարպետներու աշխատելու կերպը սյուներ և կամարներ փորագելու ժամանակ, թե ինչպես կարկինով բաժնած գծած են և հետո փռած, նախ քարին երեսը մաքրեր են, ետևեն բաժներ են սյուները, վրան գծեր են սյուներուն թե կողերը և թե կեդրոնը, հետո կեդրոնի գծերեն սկսյալ աստիճանաբաը մտեր են խորը՝ սյունը ձևացնելու համար։
Խարիսխներու տակերը ձևին մեջ երևցածին պես խողովակաձև խցած է. երբեմն խաչաձև երկու կողմերուն վրա երկնցած. թե ի՞նչ է պաշտոնը։
Խոյակները ներկված չեն ամբողջովին, վրայի քանդակները մասամբ ներկված են կարմիր գույնով, ընդհանրապես փոս տեղերը, երբեմն ալ բարձր տեղերը։
Քարերի խառնուրդը ուշադրության արժանի է. խիստ կարմիր, կարմրագույն, շիկագույն, թուխ և սև, խառն թե սյուներու և թե կամարներու և մասնավորապես կլոր պատուհաններու շրջանակներու մեջ, որոնց անհամաչափ ցրումը կամ դասավորումը որչափ հաճելի պիտի երևար աչքի։
Արևմտյան դռան բարավորները ամբողջ բարձրության վրա միակտուր են, բացի ներքևի իբրև խարիսխ դուրս կարկառած մասեն, միայն պատին հաստության կեսին չափ խոր, այնպես որ երկու քարով պատին հաստությունը ծածկեր են։
Նույնպես է նաև հյուսիսային դռան բարավորները։
Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցիին արևելահարավ պատին վրա, աստիճանեն մեկ շարք քար վերև 8—10 մետր տեղ ի հնումն փլեր է և մանր քարերով կարկատեր են։ Ուրիշ տեղեր չերևաց այսպես. գուցե մոտակա հետնագույն շինությունները շինողները շարեցին, նախապես փլվածքին բացված ծակը փակելու համար։
⁂
Պատմութենեն բոլորովին պարզ է, որ Ալփասլանի Անին գրաված ժամանակ գագկաշեն ս. Գրիգորը վաղուց անշքացած էր։
Պեղումներու ժամանակ արդեն պարզ երևաց, որ հյուսիսեն հարավ մի պատ քաշված էր քանդված մասը մնացածեն զատելու համար և այնպես մի առ ժամանակ, իբրև մեծագույն նախնյաց հիշատակարան, պարբերաբար պաշտամունք կատարեր են։ Ահա այդ ժամանակ կախվեր է այդ պղնձի կտորիկներից կազմված ողորմելի ջահը, որն որ վերջին փլուզման ժամանակ գմբեթին անկումովը թաղվեր է փլատակներու տակ[1]։
- ↑ «Արքունական», էջ 78։