Թախիծ (Ջիվանի)
Արտաքին տեսք
Թախիծ
Թախիծը ինձանից մեկ ժամ չհեռացավ, մնաց ընկած,
Ա՜վաղ, ինձ տեսնում են մարդիկ վիզս ծուռ, տխուր ու տրտմած,
Ուրախ ու շեն ապատ սիրտս ավերակ մատուռ է դարձել,
Օ՜հ, իմ անբախտ հոգուս տաղավարից հեռացել է աստված։
Թե գիշեր, թե ցերեկ զազրելի դեմքը աչքիս առջևն է,
Շարունակ թախծալի կնոջ տգեղ, սև ուրուն է կանգնած,
Նայում եմ աջ ու ահյակ, չկա մի տեղ ցնծություն, բերկրանք,
Բոլոր մարդիկ գանահարված, ուժասպառ, սրտերը խամրած:
Անճարները հուսահատ կռվում են, հա՛ց են աղաղակում,
Ուժեցները պար են բռնել, խաղում են արյունով հարբած.
Ջիվանի, ե՞րբ պիտի կրկին փչե արդարության հողմը,
Վերստին բարձրանա բոցը, բռնկի հնոցը հանգած։