Թամարա թագուհու վիշտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
12:58, 28 Օգոստոսի 2019 տարբերակ, Mane2005 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շունն ու ծիտը Թամարա թագուհու վիշտը

Հովհաննես Թումանյան

Անեկդոտներ Լոռվա կյանքից
[ 577 ]
ԹԱՄԱՐ ԹԱԳՈՒՀՈՒ ՎԻՇՏԸ

Ավանդությունն ասում է, թե մի ժամանակ էն հովիտը, ուր շինած է այսօրվան Գորի քաղաքը, ծածկված էր ջրով։ Մեջտեղը միայն, որպես կղզի, դուրս էր ցցված ժայռեղեն սարի գլուխը։

Եվ ահա մի անգամ այդ կողմերը որսի դուրս եկավ Թամար թագուհին։ Թամար թագուհին շատ էր սիրում բազեի որսը։ Ու բաց թողեց իր սիրած բազեն[1] մի աղավնու ետևից։ Աղավնին ճախրեց օդի մեջ ու սլացավ դեպի կղզին, թագուհու բազեն՝ նրա ետևից։ Կորավ աղավնին։ Իսկ բազեն նստեց կղզու ժայռի վրա ու մնաց։ Ձայն տվավ, կանչեց թագուհին, ինչ արավ-չարավ, բազեն մնաց նստած էն ժայռին։

— Ո՞վ կբերի իմ բազեն[2]․․․

Ոչ ոք ձայն չհանեց։

Բոլորը լուռ են ու ահով չափում են[3] ծփուն ջրերի տարածությունը։

— Մի՞թե մինը չկա ձեր մեջ, որ ետ բերի իմ բազեն,– կրկնեց թագուհին։ [ 578 ] Առաջ եկավ մի ջահել ասպետ, որ երկար ժամանակ սիրում էր Թամարին։

— Ես կբերեմ,— ասավ նա ու իջավ[4] իր ձիուց։

Սարսափը պատեց ամենքին։

— Մի՞թե այժմ էլ չի սիրիլ սրան Թամարը,— մտածում են [ամենքը]։

Ահա լողում է սիրահար ասպետը[5] ջրային կապույտ տարածության մեջ․․․ հասավ[6]․․․ բարձրացավ էն սեպ ժայռի գլուխը, բռնեց թագուհու ձեռնասուն բազեն[7] ու կրկին ջուրը մտավ։ Գալիս է, մի ձեռքով բարձր բռնած բազեն, մյուս ձեռքով կռվելով ալիքների հետ։ Ամենքը հիացած նայում են ափից ու շշնջում.

— Այժմ[8] էլ չի մերժիլ Թամարը[9], այժմ կամուսնանա նրա հետ։

Հիացած նայում է և ջահել թագուհին[10] ու մտածում.

— Ո՛վ աստված, գալիս է նա․․․ Այժմ ի՞նչ պատասխանեմ նրա սերին[11]․․․ ո՛վ աստված, ի՞նչ արի ե՜ս․․․ երանի չէի ուղարկել․․․ երանի ետ չբերի․․․ երանի ինձ չհասնի․․․

Ջրերի ափին կանգնած[12] տանջվում ու այսպես աղոթում էր թագուհին և ահա․․․ ձեռքե՞րը հոգնեցին, ալիքնե՞րը սաստկացան[13], թե՞ թագուհու աղոթքն էր[14]՝ դժբախտ ասպետը բռնվեց տագնապով[15], մի քանի օրհասական[16] [շարժումներ] արավ ջրերի մեջ, բազեն թռավ, իսկ ինքը սուզվեց ջրերի տակը․․․

Քարացած կանգնած են ափին ասպետները, նայում են Թամար թագուհուն ու միտք են անում.

— Այժմ ի՞նչ կանի նա[17]․․․

Քարացած կանգնած է և Թամար թագուհին, նայում է ջրերի տարածության մեջ ու միտք է անում. [ 579 ] 

— Այս ի՞նչ արի[18]․․․ ինչո՞ւ այսպես աղոթեցի․․․ այժմ ի՞նչ անեմ ես․․․

Այն օրվանից[19] քունը փախավ նրա գեղեցիկ աչքերից, հանգիստը կորավ[20], ու վիշտը բուն դրավ սրտի մեջ։

Ու հրամայեց Թամարը, ամրոց շինել տվավ էն ժայռի վրա, ամրոցում՝ մի վանք։ Գնաց մտավ էն վանքի մեջ, մենա՜կ, առանձին ապրում էր[21] այնտեղ, ու լաց էր լինում իր աղոթքի, իր անգութ աղոթքի համար[22]․․․

  1. Որսի ժամանակ իր սիրրած բազեն բաց թողեց
  2. իմ բազեն – [դիմեց թագուհին իր ասպետներին]
  3. [Լուռ նայում են]
  4. [մտավ]
  5. [նա]
  6. հասավ․․․[բռնեց]
  7. [սիրելի բազեին]
  8. այժմ [անպատճառ]
  9. [նրան]Թամարը [գեղեցիկ Թամարա] թագուհին
  10. [գեղեցիկ Թամար] թագուհին
  11. նրա սերին, [ինչ ասեմ, եթե առաջարկ անի ամուսնության]
  12. [Այսպես մտա<ծում>]
  13. [արդյոք] ալիքնե՞րը սաստկացան, [արդյոք] ձեռքե՞րը հոգնեցին
  14. Աղոթքը [լսեց աստված]
  15. [հերոսը] [երիտասարդը] բռնվեց [օրհասական] տագնապով
  16. [տագնապալի]
  17. [Թամար թագուհին]
  18. արի [ես]
  19. [Ու] այն օրվանից կորավ
  20. կորավ [սրտից]
  21. [աղոթում էր]
  22. լաց էր լինում, [թե ինչու այնպես աղոթեց]